Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղում մարտի 9 կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանն ընդառաջ, թեկնածուները, որպես այդպիսին, քարոզչություն չեն անում: Գյուղապետի պաշտոնի համար գրանցված թեկնածուների՝ գործող գյուղապետ ԲՀԿ-ական Վյաչեսլավ Մարկոսյանի եւ անկուսակցական Խորիկյան Գագիկի միջեւ մրցակցություն չկա: Ինչպես պարզվեց, Գագիկ Խորիկյանը ձեւական է առաջադրել իր թեկնածությունը եւ գյուղապետի պաշտոնի համար էլ չի պայքարում: «Ուղղակի դրել եմ թեկնածությունս, ժողովուրդը կամ կընտրի, կամ էլ չի ընտրի, ոչ էլ քարոզչություն եմ անում», – փոխանցեց Գագիկ Խորիկյանը: Այն որ մրցակցություն չկա, խոստովանեց նաեւ գործող գյուղապետը եւ անկեղծացավ, որ անկուսակցական թեկնածուին մրցակից չի համարում եւ իր ընտրվելը հավանական է համարում: Երկրորդ անգամ է իր թեկնածությունն առաջադրել, նախորդ ընտրությանն էլ գյուղապետ է ընտրվել 7 ձայնի առավելությամբ:
Նախընտրական ծրագիր չունի, գյուղացիներին հանդիպելիս էլ ոչինչ չի խոստանում, ասում է՝ ընտրվելու դեպքում հնարավորության սահմաններում կօգնի: Գյուղապետի խոսքով՝ 115 բնակիչ ունեցող Եղեգում 90 ընտրող կա, որից հազիվ 60-ն է մասնակցում ընտրություններին: «Քաղաքից կտրված գյուղ է, անտառի ներսում, գյուղը ոչ մի հարստություն չունի, մեր հույսերով էլ ապրում ենք, թե պետությունը օգնի՝ լավ կլինի: Բնակիչներն անասնապահությամբ են զբաղվում, կաթնամթերքը շաբաթը մեկ քաղաք գնացող ավտոբուսով տանում են քաղաքի շուկա՝ վաճառքի: Մարդիկ շարունակում են հեռանալ Եղեգից, միայն անցած տարի 2 ընտանիք տեղափոխվել է Կապան ու Երեւան»,- ասաց Եղեգի գյուղապետ Վյաչեսլավ Մարկոսյանը: Ներկա դրությամբ՝ փախստականներով բնակեցված Եղեգում մնացել է 30 ընտանիք, վերջիններս էլ գյուղատնտեսությամբ զբաղվելով եւ հույսներն իրենց վրա դնելով շարունակում են ապրել գյուղում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ