Լրահոս
Օրվա լրահոսը

«Good credit»-ի գովազդը մոլորեցնող չէ. նրա խոստումները ապագայի համար են

Փետրվար 26,2014 18:08

ՏՄՊՊՀ-ն պատասխանում է «Առավոտին»

Անցյալ տարվա ապրիլի 24-ին «Good credit»-ի գովազդը մոլորեցնո՞ղ է» վերնագրով «Առավոտ» թերթում եւ Aravot.am կայքում նյութ էինք հրապարակել, որի առնչությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել: Այսօր ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեցինք, թե հանձնաժողովն ի՞նչ պարզեց ուսումնասիրության արդյունքում: Նյութում մասնավորապես, անդրադարձել էինք վարկային մի կազմակերպության` «Good credit»-ին, որն իր գովազդով գայթակղում է բազմաթիվ քաղաքացիների: Գովազդը փակցված է «Ցիտադելի» շենքի պատուհաններին, որտեղ գտնվում է նաեւ ընկերության գրասենյակը: «Մենք ձգտում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու ֆինանսական ծառայություններից»,- ասվում է ընկերության գովազդում: Սակայն, հայտնվելով վարկային կազմակերպությունում ու զրուցելով վարկային մասնագետների հետ, պարզում ես, որ ոչ բոլորը կարող են օգտվել նրանց մատուցած ծառայություններից, ինչպես որ նշվում է գովազդում:
Պարզ է, որ «Good credit»-ի դուռը ամեն ծեծող քաղաքացի չի կարող վարկ ստանալ, դրա համար կան սահմանված չափանիշներ, որոնց պիտի համապատասխանի վարկառուն կամ նրա բիզնեսը, սակայն ընկերության գովազդից այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր ոք, ով դիմի այս վարկային կազմակերպություն, ընկերությունը անպայման ձեւը կգտնի նրանց վարկով գումար տալու:

Առաջին հայացքից, գովազդը սպառողին մոլորեցնելու տարրեր էր պարունակում, ինչի վերաբերյալ էլ մեր լրատվամիջոցը կասկածներ էր հայտնել:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել եւ պարզել էր, որ վարկային ընկերության գովազդը չի խախտում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի` անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ դրույթները: Ըստ հանձնաժողովի, «Good credit»-ի գովազդը չի կարող դիտվել որպես հասարակության մոլորեցում, քանի որ «գովազդում հստակ շեշտվում է, որ նշյալ վարկային կազմակերպությունը նախ ձգտում է ստեղծել այն, ինչը նկարագրված է, ինչն ապագայի ազդակ է, այլ ոչ թե արդեն առկա իրողություն», իսկ նմանատիպ ձգտումը հանձնաժողովի պատասխանատուների հավաստիացմամբ, որեւէ իրավանորմի չի հակասում:

«Բացի այդ, գովազդում ուղղակի շարադրված է, որ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվել ֆինանսական ծառայություններից, ինչը դեռեւս չի նշանակում, որ օգտվելու հնարավորությունը պարտադիր դրական ելք է ունենալու եւ հատկապես վարկով գումար տրամադրելու հարցում»,-ասված է ՏՄՊՊՀ-ի պատասխանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728