Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» կքանդեն-չեն քանդի` էներգետիկայի փոխնախարարը չգիտի (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 17:51

Ռուսական «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» տարածքում նոր գործարան է կառուցելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ այդ մասին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Aravot.am-ի այն հարցին, թե ներկայիս գործարանն ի՞նչ է արվելու, քանի որ լուրեր կան, թե այն որպես ջարդոն ապամոնտաժվելու է, պարոն Իսայանն ասաց. «Չեմ կարող ասել»,-հավելելով, որ նոր գործարանը ռուսները կառուցելու են հենց «Նաիրիտի» տարածքում»:

Մեր այն հարցին էլ, թե «Նաիրիտ» գործարանի 120 միլիոն դոլարից ավելի պարտքն ինչպե՞ս, կամ ո՞վ է փակելու, պարոն Իսայանն ասաց.«Ես պարտքի մասին չեմ բանակցել, չեմ կարող ասել»: Հետո փոխնախարարն ասաց, որ ինքը եկել է ասուլիսին մասնակցելու՝ բացառապես Մաքսային միության շրջանակներում կատարվող աշխատանքները ներկայացնելու, իսկ «Նաիրիտի» գծով այլ փոխնախարար կա. «Իրեն էլ դիմեք»: Ապա նախարարության մամուլի քարտուղարն էլ ավելացրեց, որ առայժմ «Ռոսնեֆտի» հետ բանակցություններ են ընթանում, եւ միայն դրանց ավարտից հետո հարցերի պատասխանները պարզ կլինեն:

Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտը» նախատեսում է 500 միլիոն դոլարի ներդրում կատարել եւ մտադրված է բութադիենստիրոլային կաուչուկի արտադրություն ծավալել. այս տեսակի կաուչուկը կիրառվում է ավտոդողերի արտադրությունում:

 

Այսօր կառավարությունում նույն ասուլիսի մեկ այլ մասնակից՝ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանն էլ ներկայացրեց Մաքսային միությանն անդամակցելու կապին եւ տրանսպորտին առնչվող  համաձայնագրերը. մեկը` ՄՄ-ի հետ արտաքին սահմանի տրանսպորտային հսկողություն իրականացնելու մասին համաձայնագիրն է, մյուսը` երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիությունը` ներառյալ՝ սակագնային քաղաքականության հիմքերի կարգավորելու համաձայնագիրը:

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման եւ Մաքսային միության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին: Պարոն Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Աբխազական երկաթուղու գործարկումն ու Մաքսային միության հետ անդամակցելն իրար հետ պետք չէ կապել: Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, որը տարբեր ատյաններում քննարկվում է: Երկաթգծի աբխազական մասի շահագործումը շատ էական անդրադարձ պիտի չունենա երկարաժամկետ մասնակցության: Այսօրվա օրով էլ Հայաստանը բեռների փոխադրումները կատարում է ոչ աբխազական մասով:  Իհարկե, շատ լավ կլիներ այդ խնդիրը լուծվեր, Հայաստանը տրանզիտային լուրջ պոտենցիալ կունենար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728