«ՀՀ ընդդիմությունը ձախողեց կազմակերպվածության, ռազմավարական տեսլականի բացակայության, առաջնորդության հետ կապված խնդիրներում»-անդրադառնալով ՀՀ ընդդիմության գործունեությանը` այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Հարցին` արդյոք առաջիկա մարտի 1-ի հանրահավաքում հնարավո՞ր է շտկվեն այդ խնդիրները, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Հիասթափված եմ, քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը Ուկրաինայում կատարվածից դասեր չեն քաղում»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեցինք` իրո՞ք ՀՀ ընդդիմությունը ձախողում է կազմակերպվածության, ռազմավարական տեսլականի բացակայության և առաջնորդության հետ կապված խնդիրներում: Նա պատասխանեց. «Պատճառները շատ-շատ են, բայց հիմնականում խնդիրն այն է, թե այդ ընդդիմությունը որքանով է ընդդիմություն և ընդդիմություն է հանուն ինչի: Տրված հարցերի պատասխանները կամ չկան, կամ կան այնպիսի լղոզված ձևով, որ չլինելուն հավասար են: Այդ ժամանակ պարզ է, որ գործողություններն ու գործունեությունը կրում են նման կարգի լղոզված բնույթ, որը ամենակարևորն է, որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների իրական շահերի ու պահանջմունքների հետ: Մենք օրակարգ չունենք»: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա հանրահավաքում այդ օրակարգը ձևավորվի: Պարոն Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Դրա հիմքերը չեմ տեսնում` հաշվի առնելով այն կազմակերպիչներին, որոնք կազմակերպում են այդ հանրահավաքը: Ինչպե՞ս պետք է մինչև այժմ ոչինչ չարած անձինք մեկ էլ հրաշքով փոխվեն: Հրաշքներ չեն լինում, լինում են օրինաչափություններ»: Ամփոփելով պարոն Մեհրաբյանն ասաց. «Պետք է իշխանությունը չդադարի իր վրա զգալ քաղաքացիական հասարակության ճնշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ