Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները կճանաչե՞ն Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը

Փետրվար 26,2014 17:40

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները աշխարհաքաղաքական նոր իրադրություն են ստեղծել: Այս համատեքստում քննարկման կարևորագույն թեմաներից է դարձել Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմության ճանաչման հարցը: Վերլուծաբանների կարծիքները համընկնում են այն հարցում, որ Ռուսաստանը չի ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այլ հարց է, թե ՀՀ իշխանություններն իրենց այս պարագայում ինչպես կդրսևորեն: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն այն կարծիքին է, որ «Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը, և ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն պիտի գնա Գերագույն ռադա»:

Aravot.am-ի հարցին` արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, համաձայնելով Ստեփան Գրիգորյանի կարծիքի հետ, նշեց. «Աշխարհում կա միակ կառավարության ղեկավար, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը: Դա Ռուսաստանի վարչապետն է: Բայց ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները կհետևեն տրամաբանությանը, և կճանաչեն Ուկրաինայի նոր կառավարությանը: Պետք է նաև ասեմ, որ շփոթվեցի, երբ ծանոթացա Գալուստ Սահակյանի վերջին հայտարարություններին, ով ևս մեկ անգամ իր քաղաքական աննշանակալիությունը ցուցադրեց: Խորհրդարանը շատ խաբկանքային էր. լավ էր այն քայլը, որ մեր խորհրդարանը հարգեց Ուկրաինայի զոհվածների հիշատակը, բայց ոչ թե մարտի մեկի ճշգրտությունը Հայաստանում ժխտելու առումով դա պիտի արվեր»: Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարին` պարոն Կիրակոսյանն ասաց. «Կարծում եմ այն, ինչ տեղի ունեցավ, ավելի թուլացրեց ՀՀ հեռանկարները` այդ միությունում հայտնվելու համար: Դա նշանակում է, որ Ուկրաինայի այն մարդկանց պիտի հարգենք, որոնք դուրս եկան փողոց և պաշտպանեցին իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Aavot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հակառակը պնդեց` նշելով, թե չի կարծում, որ ինչ-որ բան թուլանում, կամ փոխվում է` Մաքսային միությանը` ՀՀ-ի անդամակցելու հարցում: Այնուհետև հավելեց. «Ուկրաինան Մաքսային միության մաս չի կազմել, ոչ էլ Մաքսային միություն ձևավորելիս շեշտադրումներ էր արվում Ուկրաինայի վրա: Հայաստանն այս ուղին ընտրել է ոչ թե Ուկրաինայի կամ Ղազախստանի համար, այլ ՌԴ-ի հետ տնտեսական քաղաքական բաղադրիչներ կառուցելու համար: Ուստի չեմ կարծում, որ ՀՀ-ի պարագայում ինչ-որ մոտիվացիայի թուլացման հարց կա: Սա ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի խնդիրն է»:
Կապված ՀՀ իշխանությունների` Ուկրաինայի կառավարության լեգիտիմությունը ճանաչելուն վերաբերող դիտարկումներին` պարոն Մելիք- Շահնազարյանն ասաց. «Ով էլ լինի Ուկրաինայի իշխանությունը, ՀՀ-ն նրանց հետ հնարավորինս լավ հարաբերություններ պետք է կառուցի: Հեղափոխությունը դեռ ավարտված չէ, ուստի հստակ ասել, թե ով է իշխանությունը, ով` ոչ, այս փուլում բավական շուտ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728