Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը չի՞ միջամտելու որդու գործին

Փետրվար 26,2014 17:41


Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը լրագրողներին ասաց, որ չի միջամտում իր որդու դեմ իրականացվող դատավարության գործընթացին:

«Ոնց որ դատը պիտի գնար, այդպես էլ գնում է: Ինքն իր պատիժը պետք է կրի օրենքին համապատասխան»,- ասաց նա`հավելելով, որ եթե ասում է՝ չի միջամտում այդ գործընթացին, դա չի նշանակում, որ անտարբեր է: «Իմ որդին է, իմ որդին իմ համար ամենաթանկն է, բայց ինչի՞ն միջամտեմ, որպես ի՞նչ միջատեմ, եթե սխալն ինքն է թույլ տվել, իր սխալի համար ինքը պետք է պատասխան տա»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու և մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար:
Լրագրողների դիտարկմանը, որ մյուս պաշտոնյաները նման դեպքերում օգտագործում են իրենց պաշտոնեական դիրքը, Յուրի Վարդանյանը պատասխանեց. «Բայց նախարարական դիրքը ես օգտագործեմ իմ տղայի անձնական հարցերը լուծելու համար, էդ ինչքանո՞վ ճիշտ կլինի: Մանավանդ, որ սխալ է թույլ տվել: Ուրիշ բան՝ իմ դիրքը, իմ անունն օգտագործեի, մի հատ աշխատանքի տեղավորեի, վատ բանի համար միջամտե՞մ»:

Յուրի Վարդանյանն ասաց, որ նախատել է որդուն, քանի որ նա լավ բան չի արել ու մի փոքր անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ այդպես ստացվեց: Նախարարը նշեց, որ ոչ ոքի նման բան չի ցանկանում, 16 տարի ապրել են ԱՄՆ-ում. «Էդ Ամերիկայում գիտեք 13 տարեկանից էդ գործերով զբաղվում են դպրոցներում, ես էլ ամբողջ ժամանակս զբաղված եմ եղել և հասարակական, և քաղաքական գործերով: Ես էլ էդ ուղղությամբ ընդհանրապես փակ մարդ եմ, իմ կյանքի մեջ մինչև էսօր չեմ տեսել, չգիտեմ, թե էդ մարիխուանան իրենից ինչ է ներկայացնում: Ես ո՞նց կարող էի ուշադիր լինեի, եթե իմ կյանքում չի եղել նման բան, եթե էդ ճանապարհն անցած լինեի, իհարկե, ուշադիր կլինեի, որ իմ երեխեն չընկներ այդ գործերի մեջ»:
Յուրի Վարդանյանն ասաց, որ ընդունում է իր սխալը, պետք է ավելի ուշադիր լիներ՝ միաժամանակ նշելով, որ մյուս երկու որդիները նման արարքներ թույլ չեն տալիս. «Դա մի չարիք է, որ յուրաքանչյուրին կարող է գալ ու կպնել: Բայց ես ուրախ եմ նրա համար, ինչ եղավ և ուրախ եմ, որ իմ տղան այսօր հասկացել է: Եվ ամենակարևորն բանն եմ ասում, ուզում եմ բոլորդ իմանաք, որ բացի ծխելուց ուրիշ ոչ մի բան չի եղել իր մեջ: Հլա մի բան էլ կավելացնեմ՝ նաև եղել է ցավազրկիչ, այն ինչ ապտեկայում վաճառվում է: Ոչ էլ դրսից է բերված եղել, էստեղ է ինքը ձեռք բերել: Եթե ես փողոցային լինեի ու ոչ թե սպորտսմեն, էդ գործերով էլ զբաղված լինեի, այնպես կնկատեի, որ ավելի լավ, քան որևէ մեկը: Բայց ես այդ հարցերում անտեղյակ մարդ եմ, մինչ այսօր չեմ տեսել էդ, իրան էլ ասեցի՝ բեր, մի հատ աչքովս տեսնեմ, հասկանամ, թե իրանից ինչ է ներկայացնում էդ անտերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728