«ԱԱԾ աշխատակից» Արմեն Եթենիկյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնատար անձի կոչումն ինքնակամ յուրացնելու և շորթման մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդված և 182-րդ հոդվածի 1-ին մաս, և դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Միաժամանակ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ, փետրվարի 17-ի դատավճռով կիրառել է ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 03.10.2013թ. որոշումը և Արմեն Եթենիկյանին ազատել է նշանակված պատժից։
Ըստ ամբաստանյալ Արմեն Եթենիկյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. ապրիլին Նոր Արեշ 46 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ծանոթացել է Քեորք Քահվջյանի հետ և պաշտոնատար անձի կոչումն ինքնակամ յուրացնելով` վերջինիս մոտ վստահություն ձեռք բերելու համար ներկայացել է որպես ԱԱԾ պաշտոնյա: Ապա տեղեկանալով մեքենաների առուվաճառքի հետ կապված Ք.Քահվջյանի անհաջող գործարքի մասին, որպես ԱԱԾ աշխատակից՝ առաջարկել է իր օգնությունը և ստանալով վերջինիս համաձայնությունը՝ իբր ձեռնամուխ է եղել իր աշխատակիցների միջոցով ոմն Հրաչից մեքենաների անհաջող փոխանակման հետևանքով տարբերությունը` 2.000 ԱՄՆ դոլարը, հետ վերադարձնելուն: Սակայն Ք.Քահվջյանը հետագայում մտափոխվել և խնդրել է Ա.Եթենիկյանին դադարեցնել ոմն Հրաչից գումարը հետ ստանալու ընթացքը, ինչի պատճառով 2013թ. մայիսի 16-ին Ա.Եթենիկյանն այցելել է Ք.Քահվջյանի աշխատավայր և օգտագործելով արդեն իսկ վերջինիս մոտ ձեռք բերված ազդեցությունը` սեռական բնույթի հայհոյանքներ և բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել նրա հասցեին:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում