Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամներին` ղեկավարությամբ միության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի:
Հանդիպման սկզբում ԵԿՄ նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համառոտ կերպով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԵԿՄ անցած ուղին ու նպատակները: Մասնավորապես անդրադառնալով հայրենասիրական ոգու բարձրացմանը և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ԵԿՄ ծրագրերին` տիար Մանվել Գրիգորյանը հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը կառույցի տասներորդ հոբելյանական տարվա կապակցությամբ:
Ողջունելով ԵԿՄ անդամներին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` նախախնամական նկատելով Ս. Վարդանանց նահատակներին և Ս. Ղևոնդյանց քահանաներին նվիրված տոների շրջանում նրանց այցը Մայր Աթոռ:
«Վարդանանց ոգին մեր պատմության բոլոր ճակատագրական պահերին իր պայծառ դրսևորումն է ունեցել մեր հայորդիների մեջ, երբ լծվել են Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Մենք առանձնացնում ենք Ավարայրի ճակատամարտը` այն համարժեքության բերելով Սարդարապատի և Արցախյան հերոսամարտի հետ, որի կերտողները երկրապահ կամավորականներն են, ովքեր, Հայրենիքի կանչն արձանագրելով իրենց հոգում, ինքնաբուխ մեկնեցին պաշտպանելու և ազատագրելու Արցախ աշխարհը»: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր յուրաքանչյուր զինվորին, խոնարհում է բերում կամավորականներին և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքն ընծայաբերեցին հայոց պետականության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ ու անվրդով ապագայի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև այսօր Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին` նշելով, որ դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում:
Կարդացեք նաև
Նորին Սրբությունը հորդորեց ԵԿՄ անդամներին շարունակել միության գործունեությամբ վառ պահել հայրենասիրության ու հայրենանվիրումի ոգին և փոխանցել այն երիտասարդ սերունդներին, որպեսզի միշտ անպարտ մնա Հայաստան աշխարհը:
Հանդիպման ընթացքում որոշվեց Երկրապահի օրն առանձնահատուկ կերպով նշել Մայր Աթոռում` առիթ ընձեռելով երկրապահ կամավորականներին այցելելու Ս. Էջմիածին և նորոգելու Հայրենիքին կամավորաբար ծառայելու իրենց սրբազան ուխտը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ