Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը չի հասկանում ՀԱԿ-ի` նույն «փոցխի վրա կանգնելու» փորձը

Փետրվար 26,2014 16:13


«Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ, թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»,- Մարտի 1-ի հարցը ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանն այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին այս կերպ դիմեց` հավելելով, որ ինքը չի հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված խմբակցության ևս մեկ փորձը՝ նույն «փոցխի վրա կանգնելու»:

Հիշեցնենք, որ անցյալ նստաշրջանում ՀԱԿ-ը կրկին համանման առաջարկով հանդես եկավ, որը մեծամասնության կողմից դարձյալ տապալվեց: 

Ալեքսանդր Արզումանյանը նկատեց նաեւ, որ փաստահավաք խմբի զեկույցներից մեկում հստակ փաստեր են բերվել այն մասին, որ մարտի մեկին մասնակցել են ապօրինի զինված խմբեր, իսկ այդ փաստերին այդպես էլ չեն տրվել քաղաքական գնահատականներ. «Հաշվի առնելով, որ այս ընթացքում եղել են պատվերով սպանություններ ու որևէ մեկը չի բացառում, դրանք կարող էին լինել այդ խմբերը, ի՞նչ գնահատական կտաք այս փաստերին»:
Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան ասաց, թե իրենք նախաձեռնել են «Մարտի 1-ի» հանձնաժողով ստեղծել մարտի 1–ին ընդառաջ. «Ես բարոյական պատասխանատվություն ունեմ զոհվածների իրավահաջորդների ծնողների առաջ, չգիտեմ ինչու, բայց դա իմ վրա է ծանրացել: Եթե լիներ նոյեմբերին, կանեինք նոյեմբերին, դեկտեմբերին լիներ՝ կանեինք դեկտեմբերին»:
Անդրադառնալով ապօրինի զինված խմբավորումների մասով հարցին՝ Ջհանգիրյանը նշեց. «Այո՛, մեղմ է ասել, որ ես ծանոթ եմ փաստահավաքի այդ զեկույցին, ես մանրամասն ուսումնասիրել եմ, գիտեմ, որ տեղեկատվություն է ներկայացված, որ այդ օրերին որոշ անձանց ՊՆ հանդերձանքի պահեստից տրվել են համազգեստներ: Եթե հագուստ է տրվում, ապա սպառազինության պահեստներից էլ պետք է զենք հատկացվի: Ցավոք, փաստահավաքի փորձերը հանդերձանքի պահեստում ուսումնասիրել գրանցամատյանները համազգեստների տրման վերաբերյալ մատնվեցին ձախողման, թույլ չտվեցին, թեև առկա էր ուղակի հանձնարարական, որ պետք է օժանդակեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728