«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության նախաձեռնությանը նաիրիտցիների շահերի պաշտպան, «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը լուրջ չի վերաբերում: Նա Aravot.am-ին ասաց, որ ակնկալիքներ չուներ էլ այդ հանձնաժողովից:
Նրա խոսքով, ինքը զրուցել է նաիրիտցիների հետ եւ հանրության անունից կարող է ասել, որ «Նաիրիտի» հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդիրը կամ հանրության ուշադրությունը իրականությունից ցրելու համար էր, կամ նպատակ ունեին հանձնաժողով ստեղծել, որ հետո մի լավ փող աշխատեն, էս բացահայտումը անելու կամ չանելու միջոցով, կամ էլ պարզապես ուզում էին ցույց տալ, որ կողմ են «Նաիրիտի» աշխատակիցներին ու ինչ-որ գործով են զբաղված: Ում հետ խոսում եմ, այս կարծիքին է»:
Նա դժվարացավ ասել, թե արդյոք ՀՅԴ-ն նման խաղերի մեջ կմտնե՞ր. «Ես կարծիք չեմ ուզում հայտնել, ասում եմ` հանրությունն ինչ եզրակացություն է արել…իսկ ինչ օգուտ է տվել Հայաստանում հանձնաժողովների ստեղծումը , եկեք հիշենք պատմութունը: Բացի դա, եթե ուզում էին հանձնաժողով ստեղծել, կարող էին վաղուց ստեղծել ու կիրառել: Այն պահին, երբ «Ռոսնեֆտը» պետք է գա ներդրումները կատարի ու գործընթացը գնա, նրանք հանձնաժողով են ստեղծում: Սրանով մի կողմից ցույց են տալիս, որ կողմ են ժողովրդին, մյուս կողմից էլ` հնարավոր է դա վնասի գործընթացին եւ նաեւ կասկածի տեղիք կտա, եթե 500 միլիոն դոլարի ներդրում է արվելու, կարո՞ղ է նրանք էլ են ուզում փայ մտնել այդ գործարքի մեջ»:
Նա նաեւ ասաց, որ հիմա «Նաիրիտի» հարցով գրոհելու ժամանակը չէ, քանի որ, եթե աշխատակիցների աշխատավարձերի վճարումները կատարվում են, ուրեմն այդ աշխատուժը դեռ պետք է. «Հիմա դադար պետք է տանք, թույլ տանք, որ իրենք էլ ինչ-որ գործողություն անեն, եթե չանեն, այդ ժամանակ շարժվենք օրակարգով»:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությունն այսօր մերժվեց` ստանալով 44 «կողմ», 55 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ