Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը «Բերկուտ»-ի լուծարման մասին հրաման է ստորագրել, այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը:
Ավագովը նշել է, որ ոստիկանության քաղաքացիական անվտանգության հատուկ ստորաբաժանման՝ «Բերկուտ»-ի» լուծարման հրամանը ստորագրել է փետրվարի 25-ին: Մանրամասները խոստացել է հաղորդել փետրվարի 26-ին ճեպազրույցի ժամանակ:
«Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները ծառայություն էին իրականացնում Կիևի ցույցերի ժամանակ: Ցուցարարների հետ բախումների ընթացքում նրանք կիրառել են գազ, խլացնող նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ընդդիմությունը «Բերկուտ»-ին մեղադրում էր մարտական փամփուշտներով ցուցարարներին սպանելու մեջ: Ջոկատայիններն էլ հայտնել էին իրենց աշխատակիցների դանակահարությամբ և հրազենից մահացության դեպքերի մասին:
Լրատվականը գրում է, որ Սևաստոպոլի նորաստեղծ քաղաքապետարանի ղեկավար Ալեքսեյ Չալին «Բերկուտ»-ին հրավիրել է իրենց մոտ՝ ասելով, որ քաղաքին պետք են «արժանապատիվ տղաներ», որոնց հիման վրա կստեղծվեն ինքնապաշտպանական ջոկատներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ