Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրն էր «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: «Ինչքան մոտենում է Եղեռնի 100 ամյա տարելիցը, այնքան ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենայի գործունեությունն է ավելանում: Դիմում են բոլոր միջոցներին, դիվանագիտություն, սպորտ, մշակույթ: Մեծ գումարներ են ծախսում: Անում են ամեն բան Խոջալուի դեպքերը միջազգայնացնելու, բարձրացնելու մի մակարդակի, երբ հնարավոր կլինի խլացնել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի կոտորածները: Այս ամենն անում են, որպեսզի հակակշիռ ստեղծեն Եղեռնի համար»,- ասաց Բ.Կարապետյանը:
Նա խոսեց 26 տարի առաջ Սումգայիթ կատարած իր այցելության մասին: Նա 1988թ. մարտի 27-ից ապրիլի 5-ը անցկացրել է այնտեղ: Տեղեկություններ է հավաքել ականատեսներից, փրկվածներից, նկարահանել է կադրեր և հետագայում դրանց հիման վրա ֆիլմ է նկարահանել և գիրք գրել՝ «Սումգայիթյան օրագիր, 27 մարտի- 5 ապրիլի, 1988»: Նա նշեց, որ այժմ գիրքը թարգմանվում է անգլերեն:
Այնուհետև նա խոսեց այն տեղեկությունների մասին, որոնք այդ ժամանակ տարածվել էին Ադրբեջանում: «Ակադեմիկոս Զիյա Բունիաթովը հայերին չէր սիրում: Եվ այդ ժամանակ տեղեկություններ տարածեց, թե իբր հայ լրագրողը նախապես է Սումգայիթ ժամանել, կազմակերպել ելույթներ, որպեսզի ադրբեջանցիները նման քայլերի դիմեն, կոտորեն հայերին, նկարահանել, որպեսզի միջազգային հանրության առաջ նսեմացնի ադրբեջանցիներին»,- ասաց պրն Կարապետյանը:
Նա նաև անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանում լավ չգիտեն պատմությունը, չեն էլ հետաքրքրվում, իսկ Ադրբեջանն ամեն միջոց օգտագործում է իր երկրի պատմությունը իրեն հարմար ձևով ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Վարդուհի ԲԱԼՅԱՆ