Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, վարչության նախագահի տեղակալ Հովհաննես Նավասարդյանը եւ վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին 2014 ֆինանսական տարվա ծրագրերը:
Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ 2013 թվականի սկզբին բանկի ակտիվները կազմել են ավելի քան 70 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները ավելի քան 60 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով համապատասխանաբար 37.4 եւ 42.8 տոկոսով. «Ակտիվների աճի տեմպով մեր բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ պարտավորությունների աճի տեմպով՝ 4-րդը: Բանկի հաճախորդների թիվը տարեսկզբի համեմատ 29 տոկոսով աճել է»: Նա նաեւ ասաց, որ հավատարիմ մնալով իրենց՝ վերջին երեք տարիներին որդեգրած քաղաքականությանը, բանկը , 2014 թվականին, շարունակելու է մատուցել մոտ 14 անվճար բանկային ծառայություններ:
Բանկի վարչության նախագահի տեղակալ Հովհաննես Նավասարդյանն էլ ներկայացրեց հիփոթեքային եւ սպառողական վարկերի պայմանները.«Բանկը հասարակության լայն շերտերի համար հնարավորություն է ստեղծում ձեռք բերել անշարժ գույք՝ մինչեւ 20 տարի մարման ժամկետով»:
Նա ներկայացրեց հիփոթեքային վարկ ձեռք բերելու մի քանի արտոնյալ պայմաններ. « Մեկ տարի պարտաճանաչ մարելու դեպքում վարկառուի տոկոսադրույքը նվազեցվում է 1 տոկոսով: Վարկառուի ընտանիքում երեխա ծնվելու դեպքում վարկառուին ընձեռվում է վարկի սպասարկման 6 ամիս արտոնյալ ժամանակահատված: Նորաստեղծ ընտանիքներին տրվում է կանխավճարի արտոնություն՝ 5 տոկոսով: Բանկի ավանդատու կամ կորպորատիվ իրավաբանական անձանց ղեկավարներին վարկը տրամադրվում է ֆիքսված ցածր տոկոսադրույքով: Մինչեւ 20 տարեկան վարկերի համար անհրաժեշտ է վճարել 30 տոկոս կանխավճար, իսկ մինչեւ 15 տարեկան վարկերի համար՝ 25 տոկոս կանխավճար»:
Կարդացեք նաև
Վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը հայտնեց, որ այն դեպքում, երբ վարկառուն ունի հիփոթեքային վարկ այլ ֆինանսական կառույցներում, սակայն նրան չեն գոհացնում պայմանները, ապա Զարգացման Հայկական Բանկը տրամադրում է գործող վարկից ավելի ցածր տոկոսադրուքով հիփոթեքային վարկ: Դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները, առանց եկամուտը հիմնավորող փաստաթղթերի եւ առանց ապահովագրության, կարող են ստանալ սպառողական վարկեր՝ մինչեւ 10 մլն դրամ եւ մինչեւ 7 տարի մարման ժամկետով:
Վարչության նախագահը վերջում նշեց, որ այս տարի բանկի 7 մասնաճյուղերին կավելանան եւս երեքը, որոնցից երկուսը կլինեն Երեւանում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ