Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը»

Փետրվար 26,2014 12:55

«Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը և ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն պիտի գնա Գերագույն ռադա»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց,որ Ուկրաինայի դեպքերը ամենամեծ ազդեցությունը կունենան Ռուսաստանում ու նկատեց. «Պուտինի կոնցեպցիան Ուկրաինայում չաշխատեց, ու Ռուսաստանում լուրջ պրոցեսներ կընթանան»:

Հարցին՝ արդյոք Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակը վտանգո՞ւմ է Մաքսային միության (ՄՄ) ձևավորման նախագիծը, քաղաքագետը պատասխանեց. «Մաքսային միությունն առանց Ուկրաինայի անիմաստ բան է»: Այս համատեքստում Ստեփան Գրիգորյանը կանխատեսում է, որ Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա կթուլանա: Քաղաքագետն այնուհետև հավելեց. «Մոտիվացիան՝ մտնել Մաքսային միություն, է’լ ավելի թույլ կդառնա: Տարրական հաշվարկները ցույց են տալիս, որ Մաքսային Միությունում մենք խնդիրներ կունենանք»:

Aravot.am-ի հարցին՝ ՄՄ-ին անդամակցելու մոտիվացիան, եթե կթուլանա, բայց մյուս կողմից Հայաստանն արդեն իր՝ ՄՄ-ին անդամակցության մասին հայտարարել է, արդյոք սա չի՞ նշանակում, որ այժմ մեր երկիրը հայտնվել է ոչ շահեկան վիճակում և տանուլ ենք տալիս երկու ճակատում, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես, իրոք, այդպես եմ համարում: Հայաստանն իրեն գցեց շատ ծանր վիճակի մեջ սեպտեմբերի 3-ից հետո: Իրոք, Եվրոպայում և աշխարհում մեր դիրքերը թուլացան, մեր դիրքերը թուլացան նույն Ղարաբաղի հարցում, Եվրոպայի խորհրդում: Բայց մյուս կողմից Ռուսաստանը մեզ ոչինչ չի տալիս, խոստում են տալիս, չեն տալիս փող, գազի գինը իջեցնելու խոստում են տալիս, գազի գինը պաշտոնապես բարձրացավ: Այո, երկու ճակատում էլ տանուլ ենք տվել, քանի որ կտրուկ փոխեցինք մեր քաղաքականությունը»:

Ստեփան Գրիգորյանը հույս ունի, որ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացները մեզանում կդանդաղեցվեն: Քաղաքագետը չի կարծում, թե ուկրաինական զարգացումներ կլինեն Հայաստանում, «քանի որ քաղաքական էլիտաների տարբերություն կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728