Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի որոշումը ուժի մեջ է մտել 15 տարի հետո

Փետրվար 26,2014 12:53

Երեւանի նախկին Խորհրդային շրջանի ժողովրդական դատարանը դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ 1998թ. նոյեմբերի 9-ին, լսելով Ն. Հ.-ի հայցը Արթուր Հախնազարյանի՝ սեփականության իրավունքով բնակտարածությունից օգտվելու իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել է: Ա. Հախնազարյանը հանրապետությունից բացակայել է եւ վերադառնալով Հայաստան, ցանկացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը: Սակայն մեծ է եղել նրա զարմանքը, երբ, իր ասելով՝ սենսացիոն բացահայտում է արել, այն է՝ տեղեկացել է 1998թ. կայացրած վճռի մասին: Դիմել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, սակայն 2013թ. դեկտեմբերի 10-ին՝ 15 տարի 1 ամիս 1 օր հետո վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել 1998թ. վճիռը:

«Վերաքննիչ դատարանը միաձայն որոշումից հետո իրենց ստորագրություններն են դրել վճռի տակ, կնքել ՀՀ զինանշանով պատկերված անձնական երեք առանձին կնիքներով՝ կապույտ, կարմիր, թանաքագույն: Չենք ապշի այն հանգամանքի վրա, որ մյուս էջում արդարադատություն ներկայացնող վերոնշյալ դատավորները շարունակում են բառացիորեն մեջբերում որոշումից»,- ասում է Ա. Հախնազարյանը: Նա դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ Խորհրդային շրջանի ժողդատարանի վերոհիշյալ որոշման դեմ: Վճռաբեկ դատարանին բողոքաբերը հայտնել է, որ 2013թ. դեկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոքը վերադարձվել է եւ որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, կայացրել է չհիմնավորված որոշում, խախտել է վերաքննության սահմանները, այն է՝ մի դեպքում արդարադատություն չի իրականացրել բողոքի մեջ նշված հիմքով, մյուս դեպքում՝ արդարադատություն է իրականացրել բողոքի մեջ չնշված հիմքով: Բողոքաբերը հայտնել է, որ վերաքննիչ բողոք բերելու բացթողնված ժամկետը հարգելի համարելու եւ այն վերականգնելու մասին ոչ մի միջնորդություն չի կցել վերաքննիչ բողոքին, սակայն վերաքննիչ դատարանը այդ մասին նշել է իր որոշման մեջ: Ա. Հախնազարյանը նաեւ տեղեկացնում է, որ վերաքննիչ դատարանը ուշադրություն չէր դարձրել այն հանգամանքին, որ դատավորի կողմից հայտարարվել են հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած, մինչդեռ ժողդատարանի 98թ. նոյեմբերի 9-ի թիվ 2-1299 վճռի, որի պատճենը կցված է եղել վերաքննիչ բողոքին եւ որ ուսումնասիրույթունից բխում է, որ նշված վճիռը չի վերաբերել հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռների շարքին: Բողոքաբերը շեշտել է, որ ժողդատարանի վճիռը ընդհանրապես իրեն չի ուղարկվել, ինչի պատճառով ինքը ոչ միայն հնարավորություն չի ունեցել ուսումնասիրել, այլ նաեւ ժամանակին բողոքարկել:
Ուշադրության է արժանի այն, որ Ա. Հախնազարյանը ժողդատարանի վճռի պատճենը ստացել է 2013թ. նոյեմբերի 27-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երեւանի տարածքային ստորաբաժանումից:

Բողոքաբերի գնահատմամբ՝ վերաքննիչ դատարանը հաստատված է համարել «իրականում գոյություն չունեցող փաստը»: Բացի դրանից, դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում, ինչը ազդել է գործի ելքի վրա: «Խորհրդային շրջանի ժողդատարանի 1998թ. կայացրած որոշումը ուժի մեջ է մտել 2013թ., այսինքն 15 տարի հետո: Այդ փաստը վկայում է այն մասին, որ վերաքննիչ դատարանի որոշումը հավանաբար կազմվել է դատավորի օգնականի մակարդակով, կատարված է մակերեսային, իմիջիայլոց, ոչ պրոֆեսիոնալ ուսումնասիրություն»,- նշել է բողոքաբերը: Ա. Հախնազարյանը վճռաբեկ դատարանից ակնկալում է վերացնել նշյալ քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 26.12.2013թ. կայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728