Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի հայաստանյան ներկայացուցիչ
Վարդան Թովմասյանը՝ առաջին մշակութային հայտի մասին
«Առավոտը» փետրվարի 6-ին՝ «Անվանի հայ ջութակահարը «Գինեսի» հավակնորդ է» հոդվածում տեղեկացրել էր գերմանաբնակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի՝ մեկ երեկոյի ընթացքում Պագանինիի Ջութակի եւ նվագախմբի համար գրված բոլոր 6 կոնցերտների կատարման մասին: Սա Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու հայտ էր: Փետրվարի 20-ին օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ջութակահարը իրականացրեց այն:
«Առավոտը» հանդիպեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի հետ:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ 1955թ.-ին հիմնադրված Գինեսի գրքում ամրագրված է 16 հայի անուն, որոնք այդ պատվին արժանացել են արտասովոր սպորտային կամ ուժային վարժություններ կատարելու համար: Պարոն Թովմասյանն ասաց, որ Գինեսի գրքում գրանցվելու համար ջութակահար Նիկոլայ Մադոյանի հայտը առաջինն է մշակութային ոլորտում:
Վարդան Թովմասյանը հայտնեց նաեւ, որ ինքը հայաստանյան «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահն է, որը ստեղծվել է 1990թ., իսկ ինքը ղեկավարում է կազմակերպությունը 1997-ից: Նրա խոսքերով՝ շուրջ 2 տարի առաջ «Դյուցազնագիրքն» իր կանոնադրության մեջ կատարեց փոփոխություններ՝ նպատակ ունենալով հավասարվել կամ նմանվել Գինեսի կանոնագրքին, եւ հենց այդ ժամանակվանից էլ ներգրավվեց մշակութային ոլորտը: Առաջիկայում էլ կներկայացնեն գիտնականներին:
«2011թ. լույս տեսավ առաջին «Դյուցազնագիրքը»՝ տեղական ռեկորդներով, ներկայացնելով մեր 63 հայրենակցի 134 ռեկորդ: Այս տարի պլանավորել ենք 2-րդ գրքի տպագրումը, որտեղ տեղ են գտել 81 ռեկորդակրի 246 ռեկորդ: Ընդ որում, եթե առաջին գիրքը ընդգրկում էր 1990-2011թթ., ապա երկրորդը՝ ընդամենը 2 տարի՝ 2012-14թթ.»,- հայտնեց պարոն Թովմասյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլայ Մադոյանին, մեր զրուցակիցը նախ ասաց, որ գերմանաբնակ հայ արվեստագետից իմանալով նրա մտադրության մասին, Ռուսաստանի, Իտալիայի եւ Վրաստանի համապատասխան կառույցները առաջարկել են իրենց երկրում անցկացնել «գինեսյան միջոցառումը», հետո էլ հավելեց, որ երեւանյան մեկ երեկոյի ընթացքում Պագանինիի 6 կոնցերտների կատարման համար անհրաժեշտ է եղել 3 ժամ 25 րոպե 25 վայրկյան՝ 36 րոպեանոց մեկ ընդմիջումով: «Հայ ջութակահարի ռեկորդային հավակնության մասին մենք նախապես տեղեկացրել ենք Գինեսի ասոցիացիային, ստացել հավանություն: Կայացած ելույթը, որին հետեւում էր թե հանդիսատեսը եւ թե տեղական մասնագետներից կազմված հանձնախումբը, այդ թվում՝ կոմպոզիտոր Արամ Սաթյան, ջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Սմբատյան եւ այլն, տեսագրել եւ պատրաստվում ենք ներկայացնել Գինեսի կենտրոնական գրասենյակ: Կից անհրաժեշտ է ներկայացնել մինչ ջութակահարի ելույթը Հայաստանում կատարված գովազդները, ԶԼՄ-ներում այդ իրադարձության անդրադարձը եւ այլն: Նշեմ, որ մեր փորձը ցույց է տվել, որ կենտրոնական գրասենյակից պատասխանն այդքան շուտ չի լինում, դրա համար երբեմն պահանջվում են տարիներ»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ 2008թ. մասնագիտությամբ ֆիզիկոս Սարգիս Միքայելյանին, ով միաժամանակ նույն պատկերը նկարում էր երկու ձեռքերով, որոնց հայելային անդրադարձը անգամ միլիմետրերի տարբերություն չէր տալիս, Գինեսը հավաստագիր չշնորհեց, բայց Սարգիսը դարձավ Գինեսի համաշխարհային ակումբի անդամ:
Հետաքրքրությանը, թե ինչու Գինեսի համաշխարհային կազմակերպությունից ներկայացուցիչ չկար, մեր զրուցակցի պատասխանը մտահոգիչ էր ու հակիրճ. «Երեւան 2-3 ներկայացուցչի հրավերը լուրջ գումար արժեր… Մինչդեռ գինեսյան մշակութային այս հավակնությունը կարող էր իր վրա սեւեռել աշխարհի ուշադրությունը»:
Վարդան Թովմասյանը հայտնեց, որ 2013թ. առաջին անգամ եղել է Ամերիկայում՝ Գինեսի հավակնորդ հայ արժանի արվեստագետ որոնելու նպատակով: Հանդիպել է ժամանակին Հայաստանից ԱՄՆ տեղափոխված նկարչուհի Վերա Հարությունյանին, որը նկարում է երկու ձեռքի 10 մատներով: Վերայի աշխատանքները վաղուց ցուցադրվում են Արեւմուտքում եւ տեղ են գտել մասնավոր հավաքածուներում:
Զրույցի ընթացքում Գինեսի հայաստանյան ներկայացուցիչը քանիցս շեշտեց, թե անհիմն են այն խոսակցությունները, իբր Գինեսի ռեկորդների գրքում հայտնված ռեկորդակիրը ստանում է 1 մլն ԱՄՆ դոլար:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ