Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը փոշմանեց, ԲՀԿ-ն`նույնպես

Փետրվար 26,2014 12:32
Քաղաքական մեծամասնության նախաձեռնած «գազի հանձնաժողովում» ՀԱԿ-ը ոչ միայն ներկայացուցիչ կունենա, այլ նաեւ քվեարկեց այդ հանձնաժողովը ստեղծելուն կողմ: Հիշեցնենք, որ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը բավական մարտական էր տրամադրված, անգամ հայտարարություններ եղան «դեմ» քվեարկելու եւ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին:

Այնուհանդերձ, այսօր, նիստի մեկնարկին, քվեարկությունից առաջ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ չորս կուսակցությունների նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, հաջողությամբ է պսակվել, ուստի իրենք փոփոխություններ են կատարում իրենց դիրքորոշման մեջ`թեեւ էական վերապահում ունեն հանձնաժողովի նիստերի փակ աշխատանքի հետ կապված:
Փոխարենը, զարմանք առաջացրեց ԲՀԿ-ի վարքագիծը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունում քննարկումներ են եղել հարցի վերաբերյալ, եւ այժմ լուրջ վերապահումներ ունեն այն մասին, որ իրական են քաղաքական մեծամասնության նկրտումները, այժմ առավել հակված են կասկածամտորեն վերաբերվել այդ նախաձեռնությանը, ուստի, ԲՀԿ-ն քվեարկեց «ձեռնպահ»: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանը նույնիսկ չկարողացավ թաքցնել զարմանքը. «Ես զարմանում եմ ձեզ վրա`առաջարկություններ եք անում, դրանք ընդունվում են, դուք ձեռնպահ եք քվեարկում»:
Ինչեւէ, «գազի հարցով» հանձնաժողով խորհրդարանում կձեւավորվի`75 «կողմ», 3 «դեմ», 30 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու, իսկ ներկայացուցչի հարցը դեռ կքննարկեն:
Այս քվեարկությանը պետք է հետեւեր «Նաիրիտի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի ներկայացրած նախագծի քվեարկությունը: Քվեարկությունից առաջ ՀՅԴ-ն քսան րոպե ընդմիջում խնդրեց: Լրագրողները խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին`ինչո՞ւ ընդմիջում խնդրեցին, պատգամավորը հումոր արեց. «Լեւոն Խեչոյանի հրավիրատոմսերը պիտի բաժանեի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728