Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի վերջին խելքը

Փետրվար 26,2014 14:20

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Ո՛չ վրացական վարդերի հեղափոխության բույրը, ո՛չ արաբական գարնան տաք քամիները, ո՛չ ուկրաինական Մայդանի փոթորիկը Հայաստան չհասան: Աննկարագրելի ճարպկությամբ եւ ժամանակով փորձված հմտությամբ հայ ժողովրդի քաղաքական առաջնորդները կարողացան ետ պահել նրան քաղաքական հեղաբեկումներից՝ դրանով իսկ թե խուսափելով պատասխանատվությունից եւ թե կասեցնելով հայ ժողովրդի քաղաքական թռիչքը:

Պատեպատ զարկվելով օտար հեղափոխությունների բոցերի եւ սեփական անզորության ծխի քուլաների մեջ, խարխափելով իր իսկ առաջնորդների անվճռականության եւ անհետեւողականության մշուշում, հայ ժողովուրդը, ի վերջո, վերագտավ ինքնակեղեքման իր հավերժական սահմանումը՝ ամեն ինչ բացատրելով «հայի բախտով»՝ անբախտությամբ: Հայ ժողովրդի քաղաքական տարաբախտության հառաչանքում եւ վարձու եղերամայրերի ողբասացության մեջ խլանում էր «հայի վերջին խելքի» հավերժորեն ուշացած ճիչը:
«Հայի անիծյալ բախտի» խաբկանքը քաղաքական թմբիր էր բերում՝ հայ ժողովրդին դատապարտելով ներփակման եւ ինքնամեկուսացման եւ հեռացնելով նրան համաշխարհային փոփոխությունների եզերքից: Մինչդեռ «հայի վերջին խելքը», Դանեմարքայի արքայազնի թունավորված հոր ուրվականի պես, հայտնվում էր կեսգիշերին, երբ թմբիրը պատում էր բոլորին:

«Հայի բախտի» մտասեւեռումը «հայի վերջին խելքը» զրկեց խորհրդավորությունից եւ մոգականությունից, եւ նրա` գրեթե աստվածային ուժը վերածվեց աստվածային պատժի, որից այժմ փախչում է երեքհազարամյա պատմությամբ մի ողջ ժողովուրդ:

Մինչ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում 90-օրյա պայքարը երկրի եվրոպականացման եւ Մոսկվայի թելադրանքից ազատվելու համար մոտենում է ցանկալի հանգրվանին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բացահայտվում է ռուսական քաղաքական ազդեցությանը հետամուտ «Գրիբոյեդով» փակ ակումբը, որի ռուս անդամներից Ալեքսանդր Դուգինը հայաստանյան կայքին տված հարցազրույցում հայտարարում է՝ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ», «Տեսեք, թե ինչ պատահեց ձեր հարեւան վրացիների հետ»: «Հայաստանն այլընտրանք ունի. կա՛մ միանալ ՄՄ-ին, կա՛մ վերանալ աշխարհի երեսից՝ ընկղմելով արյունահեղության մեջ»,-սպառնալիքն ավարտին է հասցնում Դուգինը:
Մեծապետական ցինիզմով պարուրված այս հայտարարությունը Հայաստանում արձագանք գտավ միայն սոցիալական ցանցերում, սակայն ոչ պաշտոնական Երեւանը, ոչ էլ կիսաքաղաքական ակումբի հայ անդամները չարձագանքեցին: Եվ եթե պաշտոնական Երեւանը, ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իր ներկայությամբ անձամբ է պատվել «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկը, ապա Ակումբի հայ անդամների «փաղանգը» «հետաքրքիր, կարեւոր եւ օգտակար» պիտի համարեր Հայաստանում ռուսական գործոնի ազդեցության ամրապնդմանը միտված իրենց փակ հավաքները՝ ռուս ղեկավարի ուղղորդմամբ: Երկուսուկես տարի Երեւանում գործող Ակումբի գոյությունը, նրա անդամների ցանկը ոչ այնքան տարակուսելի է, որքան՝ ողբերգական: Արա Թադեւոսյան՝ Երեւանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն, Դավիթ Մուրադյան՝ 2008-2010 թթ. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Էդվարդ Սանդոյան՝ 1998-1999թթ. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Վազգեն Մանուկյան՝ ՀՀ 1-ին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ նախագահ: Եվ այլք:

«Գրիբոյեդով» ակումբի գոյությունը դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհի խոչընդոտներից մեկն է, Հայաստանում Արեւմուտքի ձախողման բազում պատճառներից մեկը, որի բացահայտումը վերհանում է Հայաստանի՝ ռուսական կախյալության հարատեւության ձգտումը՝ Հայաստանի չդադարող քաղաքական պարտությունների շղթային նոր օղակներ ավելացնելով:

Եվ մինչ Ուկրաինայում երկրի եվրոպականացման անհրաժեշտությունը ընկալվում է որպես հայրենիքի ազատագրում, Հայաստանում Ղարաբաղի ազատագրման համար եւ դրա արդյունքում ստեղծված Երկրապահ-կամավորականների համագումարն անցնում է առանց քննարկելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սպառնալիքները:
Հայաստանի քաղաքական ապագայի խնդիրները շրջանցեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Փոխարենը՝ ոչ իշխանական չորս ուժեր միավորել են ջանքերը պայքարելու կուտակային համակարգի ներդրման դեմ: Հայաստանում քաղաքական օրակարգի առաջնահերթությունների սահմանումն անգամ քաղաքական ճաշակի հարց չէ, այլ այդ օրակարգի ապաքաղաքականացման ձգտման: Ըստ այդմ, պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքական կուսակցությունների համար «Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց նրա» հարցադրումը վաղուց է վերաձեւվել «Ռուսաստանի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ» համոզման:

Հայաստանում 2014թ. քաղաքական տարվա երկրորդ բացահայտումը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանցի համանախագահ Սամվել Ֆարմանյանի ձեռամբ համատեղ հայտարարության ընդունման տապալումն էր եւ հայտարարության նախնական համաձայնեցված տեքստի աղճատման փորձը: «Եվրոպայի հետ՝ ընդդեմ Եվրոպայի կեցվածքը» Հայաստանում գրեթե պաշտոնականացված դիրքորոշման է վերածվել: Եվ թեպետ Բրյուսելի ատամները հաշված Երեւանն այս անգամ վրիպեց, սակայն փոխարենը փրկեց սեփական երկրի ռուսամետ համարումը:

Այս երկու քաղաքական բացահայտումները տագնապալի ընդհանրություններ ունեն. 1. Հայաստանի շահերն ածանցել ռուսական շահերից, եւ ռուսական ներկայությունը Հայաստանում դարձնել անվերադարձ, 2. երկու դեպքում էլ գործող անձինք ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիներն են:

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ալ. Բոժկոյի խմբագրությամբ եւ վերջաբանով 2010թ. հայերենով հրատարակված Օրեստ Սուբտելնիի «Ուկրաինա» գրքի վերջաբանում Բոժկոն գրում է. «Նույնիսկ հիմա, խոշոր հաշվով, մեծ մասամբ Ուկրաինայից է կախված՝ կպահպանե՞ն, արդյոք, անկախացած հանրապետություններն իրենց ներկա կարգավիճակը… Հիշում եմ, թե ինչպես 90-ական թթ. սկզբին, որպես Ուկրաինայի ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության պետ, ինձ բախտ վիճակվեց մասնակցելու, «ԱՊՀ երկրների համատեղ զարգացման հեռանկարային ծրագրերի» թեժ քննարկումներին, ուր շոշափվում էին այնպիսի հասկացություններ, ինչպես միասնական քաղաքացիություն, միասնական պետական լեզու, միասնական մշակութային տեղեկատվական դաշտ եւ այլն: Ի դեպ, այդ ծրագրերն ընդունելու եւ իրականացնելու օգտին կողմ էր արտահայտվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Այդ ժամանակ Ուկրաինային հաջողվեց իր գործընկերներին համոզել, որ այս ուղիով գնալը սխալ է, քանի որ աշխարհն արդեն փոխվել է, եւ վերադարձը դեպի կայսրություն, թող որ այլ անվանումով, անիմաստ է: Ի տրիտուր՝ ԱՊՀ երկրների շարքում Ուկրաինան ձեռք բերեց ընդամենը կամակոր ու քմահաճ գործընկերոջ համբավ, որը պղտորում է համընդհանուր հնազանդության եւ համախոհության հարմարավետ եւ անդորր մթնոլորտը»:

Հայաստանն Ուկրաինա չէ, եւ հայաստանցիների համար առանցքայինը, հիմնարարն ու անխորտակը մեկն է՝ «հայի բախտը» եւ այն «հավերժ Ռուսաստանի հետ» կապելու ցնորքը:

Եվ երբ հայ ժողովրդի քաղաքական տարաբախտության խաբկանքը ցրվի, եւ առանցքայինը, հիմնարարն ու անխորտակը դառնա անկարեւոր եւ երերուն, պարզ կդառնա, որ հայ ժողովուրդն արգելել է ինքն իրեն տրվել ինքնուրույն եւ երջանիկ լինելու մտքին, ինչը նրա համար հավասարազոր է դժոխքից արտաքսվելու վտանգին: Մանավանդ որ, «հայի բախտով» քաղաքական դրախտում տեղ չկա:

Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանի եւ Արեւմուտքի կեցվածքը դրանց հանդեպ Հայաստանի հասարակությանը բաժանել են երկու անհավասար մասերի: Առաջին եւ հիմնական մասը սրտատրոփ սպասում էր Մայդանի պարտությանը եւ Յանուկովիչի ու Պուտինի հաղթանակին: Այդ մասում են՝ 1. ՀՀ իշխանությունները եւ իշխանամերձ շրջանակները, 2. քաղաքական կուսակցությունները, 3. ռուսական ազդեցության գործակալները, 4.քաղաքական սնահավատները, ովքեր անկեղծորեն հավատում են Ռուսաստանի ամենազորությանը, 5.Հայաստանի անվտանգությունը ռուսական զենքով պայմանավորողները, 6.հեղափոխությունների հակառակորդները: Եվ այժմ Մայդանի հաղթանակից հետո հասարակության այդ հատվածի ինքնասփոփանքը այս է՝ «Հայաստանն Ուկրաինա չէ»:

Հանրության մյուս հատվածում, ուր սրտատրոփ սպասում էին Մայդանի հաղթանակին, նրանք են, ովքեր կողմնակից են՝ 1. Հայաստանում փոփոխությունների իրականացմանը, 2. կոռումպացված քաղաքական համակարգի ապամոնտաժմանը, 3. Հայաստանի եվրոպականացմանը, 4. հեղափոխություններին, 5. ՀՀ-ում ռուսական ներխուժման բացառմանը:

Կիեւի Մայդանը լակմուսի այն թուղթն էր, որն ի ցույց դրեց Հայաստանի հասարակության ներսում աստիճանաբար խորացող խզումը եւ հասարակության տարբեր մասերի ձգտումների ուղղությունը:

Տարբերություններով հանդերձ՝ հանրության այս երկու հատվածներում կա մեկ ընդհանրություն՝ երկու կողմերն էլ չեն քննարկում Հայաստանում քաղաքական առաջնորդների (մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ավանդական ընդդիմության) պատասխանատվության հարցը: Այն չքննարկելու շուրջ երկու կողմերի միջեւ համաձայնությունն այնքան է խորացրել, որ ակամա ջնջում է նաեւ նրանց դիրքորոշումներում առկա տարբերությունները:

Մինչդեռ քաղաքական առաջնորդների պատասխանատվությամբ է հնարավոր որոշել ոչ միայն երկրի քաղաքական ապագան, այլեւ չափել ձախողումների եւ պարտությունների իրական ծավալները եւ հետեւանքները:

Հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ընթացքում փոքրաթիվ գործիչներ են, որոնք տարբեր ժամանակահատվածներում հստակ արտահայտվել են՝ 1. Հայաստանի ռուսականացման դեմ եւ ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության, 2. Հայաստանի եվրոպականացման օգտին:

Նրանք են՝ Վազգեն Մանուկյանը. «Ռուսական շովինիզմի զարթոնքը շատ թանկ կնստի մյուս ժողովուրդների վրա: Եթե Ռուսաստանն ընտրի կայսերապետական ուղին, կդառնա մեր թշնամին: Եթե ժողովրդավար դառնա՝ մեր բնական դաշնակիցը» (Վ. Մանուկյան, «Հայկական երազանքը գոյատեւման խաչմերուկում», Եր., 2002 թ., էջ 86): Ռուսաստանն այժմ ընտրել է «կայսերապետական ուղին», իսկ Վազգեն Մանուկյանը՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամակցությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը. «…անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի եւ ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ»: Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում է Հայաստանում ստորագրվել հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, որով ՀՀ-ում ռուսական ռազմահենակետերի տեղակայման ժամկետը սահմանվեց 25 տարի:

Արթուր Բաղդասարյանը. «Այո, մենք գտնում ենք, որ պետք է Եվրոպական միության հետ հարաբերությունների հետեւողական խորացումը դառնա քաղաքական նպատակ, որ Եվրաատլանտյան համագործակցության խորացումը, իրոք, մեր ապագայի համար կարեւորագույն ու ճիշտ մոտեցում է: Մենք ունենք երկու ճանապարհ՝ լինել Ռուսաստան-Բելառուս միության կազմում եւ լավ լինել Եվրամիության հետ կամ մենք պետք է լինենք Եվրամիության կազմում եւ նորմալ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ։ Մենք երկրորդ ճանապարհի կողմնակիցն ենք, եւ դա մենք այսօր չենք ասում, եւ դա մենք ասել ենք միշտ, մեր քաղաքական գործունեության ընթացքում» (2005 թ. մայիսի 22-ի ԱԺ նիստում Ա. Բաղդասարյանի ելույթից ): Արթուր Բաղդասարյանն այժմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է եւ ՀՀ անվտանգության հարցերը պարբերաբար քննարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի հետ՝ վերջինիս հավաստիացնելով, որ «Հայաստանը ռազմաքաղաքական այդ դաշինքի ամենաառանցքային անդամներից մեկն է», միաժամանակ Բորդյուժային խնդրելով թեթեւացնել հայ միգրանտների վիզային ռեժիմը Ռուսաստանում:

Հայ քաղաքական առաջնորդների կամազրկությունը պատմության քառուղիներում հայ ժողովրդի մեջ ներարկել է «հայի բախտի» բացիլը, որն այժմ ավերում է հայ ժողովրդի քաղաքական ապագայի տեսլականը, կասեցնելով ոչ միայն մտքերի եւ գաղափարների թռիչքը, այլեւ ընդհատելով Հայաստանի Հանրապետության քայլքը:

«Հայի բախտի» եւ «հայի վերջին խելքի» հարատեւ կռիվը մի օր կավարտվի: Հայի վերջին խելքը այժմ գոցել է սխալվելու մեր ճանապարհը: Որքան էլ անտեսված, արհամարհված, ծանակված՝ հայի վերջին խելքը փոթորկուն եւ խառնաշփոթ այս ժամանակներում Արարչից մեզ ուղղված թերեւս վերջին պատգամն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ հարատեւ ու հոգեմաշ պայքարում «հայի բախտը» հաղթի «հայի վերջին խելքին», եւ հայի դժնդակ բախտը մշուշի հայի վերջին խելքի փայլատակումը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hovik says:

    Նարինէ ջան շատ լավ վերլուծական էր,ամեն ինչ տեղը տեղին էր, միայն չգիտեմ մոռացել էիք թե… ինչի համար չէք անդրադարձել Հայրիկյանի դիրքորոշմանը

  2. ohan says:

    Надеюсь что Нарине (уважаемой не могу позволить написать после такого девичьевого опуса) знает, что значит Пирровая победа! Перефразируя можно написать “Ещё одна такая победа, и не будет Украины». И прежде чем писать такие обвинительные статьи , изначально надо ориенитроваться по местности ( надеюсь понимаете о чем идет речь)

  3. Նազիկ says:

    Նարինե ջան Դուք ինչով եք տարբերվում այն գործակալներից,ով քեր ամեն ինչ անում են Հայրիկյանի անունը շրջանառությունից հանելու համար:Դուք նշում եք մարդկանց անուններ,ովքեր ընդամենը պատրանք են ստեղծել,թե իբր ԵՎրոպամետ են,որպեսզի ԵՎրոպայից հնարավորինս շատ փող պոկեն:Իսկ այն մարդուն,ով ամենաիրական ևրոպական արժեք կրողն է ու իմպերիալիզմի հակառակորդը,անունն անգամ չեք շոշափում:Նույն քաղաքականությունն եք վարում,ինչ ռուսաստանը և նրա դրածո երեք նախագահները` Հայրիկյանի մասին կամ վատը,կամ ոչինչ:Այնպես որ դուք էլ եք մտնում այն հայերի ցուցակը,որի հետին խելքը դեռ չի երևում

    • Մայիս says:

      Հա, բայց ինչի տա որ Հայրիկյանի անունը: Երևի տալու բան չի եղել: Տեսել եք, որ էդ մարդը մի կարծիքը երկրորդ անգամ կրկնի: Բա էս վերջին դեպքը: Մահափորձը: Լրիվ խայտառակ եղավ: Հո ասելով չի? Կարա Ռուսաստանի դեմ հազար անգամ խոսա, բայց արած գործն ինչ ա? Սերժին պաշտպանելը: Ընենց որ` Հայրիկյանին մի բան էլ լավություն ա արել, որ չի տվել անունը: Ավելի լավ ա` մերսի ասեք դրա համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728