Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք

Փետրվար 26,2014 11:59

Փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եպիսկոպոսները, Հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի և թեմերի երկու հարյուր քսան հոգևոր սպասավորներ:

Առավոտյան Մայր Տաճարում եկեղեցականները, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Սևանի տարածաշրջանի Ծաղկունքի Ս. Սարգիս և Ցամաքաբերդի Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանը: Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով տոնի խորհրդի կարևորությանը հայ ժողովրդի կյանքում. «Ղևոնդյանք իրենց նահատակությամբ ապացուցեցին, որ կարելի է նմանվել Քրիստոսին` կատարելով Տիրոջ` Երկնավոր Հոր նման կատարյալ լինելու պատվերը: Ղևոնդյանք իրենց նահատակությամբ ստիպեցին մեզ սիրել մեր երկիրը, Քրիստոսի արյամբ գնված առաքելահաստատ մեր Մայր եկեղեցին և տանջված ու հաղթանակած մեր ժողովրդին: Ղևոնդյանների խորհուրդը հարատև է: Պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ և այսօր էլ երաշխավորն է մեր հաղթանակների ինչպես անցյալ դարավերջին պատմական Արցախում, այնպես էլ այս նոր ժամանակներում»:

Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման թեմաներն էին` «Կիրակնօրյա դպրոցների կարևորությունը համայնքային կյանքում>> և <<Երեցկնոջ դերը հովվական ծառայության մեջ»:

Ժողովը բացվեց քահանայից հավաքի կազմակերպիչ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Այնուհետև քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով ժողովին մասնակից հոգևոր սպասավորներին, մասնավորապես նշեց. «Փառք ենք տալիս Աստծուն, որ սովորույթի համաձայն ամեն տարի թեմակալ առաջնորդների գլխավորությամբ այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, աղոթքի, սիրո և եղբայրական մթնոլորտում անդրադարձ է կատարվում եկեղեցական կյանքում առկա խնդիրներին, որոնց լուծումները կարևոր և անհրաժեշտ են հոգևոր ծառայությունն ավելի արդյունավոր դարձնելու համար: Մենք ունենք Եկեղեցու առջև ծառացած բազում խնդիրներ ու դժվարություններ, որոնց մասին այսօր բարձրաձայնելու առիթ և հնարավորություն է ստեղծվում հոգևոր սպասավորներիս համար>>: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին, ովքեր նվիրումով ու հանձնառությամբ են կատարում իրենց առաքելությունն ազգային կյանքից ներս: Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված ժողովի արդյունավոր ընթացքի համար` եկեղեցականներին մաղթելով արևշատություն և բարեհաջող ծառայություն:
Հավաքի ընթացքում զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը և Արագածոտնի թեմից Տ. Գարեգին քահանա Արսենյանը:
Քննարկումների արդյունքում կարևորվեց կիրակնօրյա դպրոցների դերն ու նշանակությունը համայնքային կյանքում: Թեմերի հոգևոր սպասավորներն իրենց մտահոգություններն արտահայտեցին կիրակնօրյա դպրոցների գործունեությանն առնչվող խնդիրների կապակցությամբ: Ապա ժողովականների կողմից անհրաժեշտ նկատվեց բոլոր համայնքներում կիրակնօրյա դպրոցների ստեղծումը, քանի որ դրանք նպաստում են մանուկների շրջանում հոգևոր գիտելիքների զարգացմանն ու բարոյական կերպարի կերտմանը:

Անդրադառնալով հոգևոր սպասավորության արդյունավոր կազմակերպման գործում երեցկնոջ դերակատարության կարևորությանը` արձանագրվեց համայնքային կյանքում երեցկնոջ ներգրավվածության անհրաժեշտությունը: Իբրև հաջողված օրինակ ներկայացվեց Արագածոտնի թեմում իրականացված «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որին թեմի երեցկանայք գործուն մասնակցություն են բերել ի նպաստ երեխաների հոգևոր դաստիարակության: Ժողովի ընթացքում որոշվեց երեցկանանց համար ամենամյա հավաքներ կազմակերպել ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որոնք առավել կնպաստեն համայնքներում հովվական կյանքի մեջ նրանց օգտակար ներգրավվածությանը:
Ժողովի ավարտին տեղի ունեցավ ամենամյա ավանդական պարգևաբաշխությունը: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Ներսես Շնորհալի» հանձնեց Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանին` քահանայության 50-ամյակի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 20-ամյա հոգևոր ծառայության համար: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Դանիել քահանա Բաղումյանին, Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանին, Տ. Վարդան քահանա Գափոյանին, Տ. Եսայի քահանա Արթենյանին, Տ. Անուշավան քահանա Կոշեցյանին, Արմավիրի թեմից Տ. Մկրտիչ քահանա Մուշադյանին, Արցախի թեմից Տ. Բարսեղ քահանա Անդրյանին, Գուգարաց թեմից Տ. Վահան քահանա Ազարյանին և Տ. Ստեփանոս քահանա Մարգարյանին, Վիրահայոց թեմից Տ. Հուսիկ քահանա Հարությունյանին, Տ. Նարեկ քահանա Ղուշչյանին և Տ. Սամվել քահանա Թորոսյանին: Լանջախաչ կրելու իրավունքին արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը և Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորությունից Տ. Ենովք քահանա Եսայանը և Տ. Սամուել քահանա Սարգսյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Տիրատուր քահանա Հակոբյանը, Սյունյաց թեմից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը, Շիրակի թեմից Տ. Հարություն քահանա Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմից Տ. Գնել քահանա Գաբրիելյանը, Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանը և Տ. Հրաչ քահանա Պիլիճին, Ռումինիայի հայոց թեմից Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Բուլղարիայի հայոց թեմից Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:

Շնորհաբաշխության ավարտին հոգևորականներին վերստին հայրապետական իր պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որ մենք կարողանանք մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ արժեքներով ապրեցնել, այդ արժեհամակարգի մեջ կրթել ու դաստիարակել: Ուստի անհրաժեշտ է նվիրում, հանձնառության ոգի և զոհաբերության գիտակցություն. բառեր, որոնք ամբողջապես պատկերում են մեր առաքելությունը և մշտական ուղեկիցները պետք է լինեն հոգևոր սպասավորի: Մենք վստահ ենք, որ միասնական աշխատանքի միջոցով պիտի կարողանանք մեր ժողովրդին պահել մեր հայրերի սուրբ հավատքի, ազգային ավանդույթների, եկեղեցական կարգերի ու կանոնների մեջ»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ, որ այսօր եկեղեցականները հաճախ դժվարին ու ծանր պայմաններում անտրտունջ կերպով նվիրյալ ծառայություն են բերում ժողովրդին` իրենց վրա վերցնելով մեծ հանձնառություններ ու զրկանքներ: Իր օրհնությունը բերելով Հայ Եկեղեցու հոգևոր ողջ դասին` Նորին Սրբությունը հորդորեց տոնի խորհրդով զորացած շարունակել իրենց տերունապատվեր առաքելությունը և աներկյուղ ու նախանձախնդիր կերպով կրել ամեն տեսակի հանձնառություն` ի սեր հավատավոր ժողովրդի, Եկեղեցու և Հայրենիքի:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728