Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պողոսյանը հարցաքննվե՞լ է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 26,2014 11:25

Փետրվարի 12-ին Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս երիտհանրապետականները հարձակվել էին ՀԱԿ ակտիվիստների վրա, քաշքշել նրանց։

Համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ակնհայտ երեւում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառում ակտիվիստների եւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ։ Այնուհետեւ լրագրողին եւ ակտիվիստներին բերման ենթարկեցին Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ըստ նրանց հայտարարությունների, բռնությունները շարունակվել են նաեւ այնտեղ՝ աշխատակիցների եւ պետի՝ Արտակ Պողոսյանի մասնակցությամբ։ Անի Գեւորգյանը հայտարարեց, որ անձամբ բաժնի պետը ապտակել է իրեն։ Միջադեպից հետո ոստիկանության փոխգնդապետ Պողոսյանը մշտապես խորհրդակցությունների էր եւ ժամանակ չուներ մեր հարցերին պատասխանելու։

Երեկ նույնպես Կենտրոնի բաժնից մեզ հայտնեցին, թե բաժնի պետը խորհրդակցության է, ապա ավելի ուշ նշեցին, թե տեղում չէ։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել վերջինիս հետ.

– Պարոն Պողոսյան, փետրվարի 12-ի միջադեպից հետո Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեցին ակտիվիստներ եւ լրագրող Անի Գետրգյանը։ Վերջինս ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ դուք ապտակել եք իրեն եւ ձեռքից խլել իր բջջային հեռախոսը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Մեկնաբանություն չունեմ։ Անի Գեւորգյանը հաղորդում է տվել, համապատասխան քննություն է ընթանում, հիմա ի՞նչ ասեմ ես։

– Պարոն Պողոսյան, հարվածե՞լ եք Անի Գեւորգյանին, թե՝ ոչ։

– Ես իմ կարծիքը, իմ դիրքորոշումը, իմ պատասխանները գրավոր, թե բանավոր տվել եմ համապատասխան վայրում։ Հիմա ինչքանո՞վ է նպատակահարմար, որ ես բանավոր նույն բանը շարադրեմ։ Քրեական գործ կա հարուցված, եւ այս պահին նախաքննություն է ընթանում, դուք կարող եք նախաքննական մարմնից տեղեկանալ եւ ստանալ համապատասխան ինֆորմացիա։ Համոզված եմ, որ ձեզ լիարժեք պատասխան կտան:

– Լրագրողի հաղորդման հիման վրա այժմ քրեական գործ կա հարուցված նաեւ ՀՔԾ-ում, մինչ այդ նյութեր էին նախապատրաստվում։ Դուք հարցաքննվե՞լ եք:

– Այդ հարցերի պատասխանները դուք կարող եք ստանալ ՀՔԾ-ից։ Ես նպատակահարմար չեմ գտնում պատասխանել, թե Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել եմ, բացատրություն եմ տվել, թե՝ ոչ։ Դուք կարող եք դիմել ՀՔԾ եւ ինչ չափով, որ ինֆորմացիա հնարավոր կլինի տրամադրել ԶԼՄ-ներին, համոզված եմ, Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի։

– Պարոն Պողոսյան, ոչ միայն լրագրող Անի Գեւոգյանն է բողոքել որ Կենտրոնի բաժնում բռնություն է գործադրվել իր նկատմամբ, այլ նաեւ ակտիվիստները։
Այս մասին ի՞նչ կասեք։

– Այդ բոլոր հարցերի պատասխանը անպայման կտան թե՛ ՀՔԾ-ում եւ թե՛ ոստիկանության քննչական համապատասխան բաժնում, որտեղ որ քննություն է ընթանում։ Ես համոզված եմ, որ օբյեկտիվ, բազմակողմանիորեն մանրամասն կուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, եւ բոլոր հարցերի պատասխանը կտրվի:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728