Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին» Նաիրիտի «նոր» երգը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 26,2014 11:12
Nairit

Վերջին շրջանում «Նաիրիտը» կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հատկապես Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը պատրաստվում է գնել եւ վերագործարկել «Նաիրիտը»։
Ընդհանրապես, երբ «Նաիրիտ» անվան հետ արտաբերվում է «վերագործարկել» բառը, դա արդեն ոչ թե ոգևորություն է առաջացնում, այլ մտահոգություն։

Փորձը ցույց է տվել, որ «Նաիրիտի» վերագործարկման խոստումների քողի տակ իրականացվել են այնպիսի մասշտաբի մութ ու կեղտոտ գործարքներ, որ դրանք միայն կարող են փշաքաղեցնել։ Ցավոք սրտի, վերջին իրադարձությունները նույնպես ոգեւորություն չեն առաջացնում՝ գոնե առայժմ։ Նախ հարկ է նկատել, որ «Նաիրիտի» վերագործարկման փայլուն հեռանկարների մասին հիմա խոսում են միայն մեր իշխանության ներկայացուցիչները։ Մասնավորապես, մի 10 օր առաջ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարեց, թե «…անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում»։ Իհարկե, նա մի վերապահում արեց, թե կկառուցվի եթե «որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին»։

Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, թե «Ռոսնեֆտը» նախատեսում է 500 միլիոն դոլար ներդնել «նոր Նաիրիտի» կառուցման համար։ Տարօրինակն այստեղ այն է, որ «Ռոսնեֆտի» ծրագրերի մասին խոսում է մեր վարչապետը, բայց ինքը՝ «Ռոսնեֆտը», այդ մասին դեռ չի խոսում։ Վերջին անգամ «Նաիրիտի» հետ կապված իր ծրագրերի մասին այդ ընկերության ղեկավար Իգոր Սեչինը խոսել է հենց 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «հիշարժան» օրը, երբ իմացանք, որ այլեւս շտապում ենք Մաքսային միություն։ Այդ օրը Սեչինը աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի հետ եւ, ըստ «Ռոսնեֆտի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հայտարարել, թե՝ «Մենք դրական ենք գնահատում հայկական գործընկերների հետ համագործակցության ընթացքը…»։

Նա նաեւ հայտարարել էր, որ իրենք սպասում են «հարկային ռեժիմի շուրջ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքներին» եւ նաեւ դրանով է պայմանավորված այդ ծրագիրը իրագործելու ճակատագիրը։ Այդ հայտարարությունից անցել է արդեն մոտ կես տարի, բայց «Ռոսնեֆտից» «Նաիրիտի» ճակատագրի մասին նորություններ դեռ չկան։ Այստեղ մտահոգիչը միայն այն չէ, որ ըստ Սերժ Սարգսյանի, «նոր Նաիրիտի» կառուցմանը խանգարում են «որոշ սադրիչներ»։ Եթե երկրի բարձրագույն իշխանավորը կարծում է, որ նման ծրագիրը կարող է տապալվել «որոշ սադրիչների» պատճառով, ապա նման ծրագրի իրագործելիությունը արդեն իսկ կասկածներ է առաջացնում։ Բայց այս ծրագրի շուրջ հիմնական կասկածների աղբյուրը այլ է։ Խնդիրն այն է, որ «Նաիրիտը» որոշել են վերագործարկել հենց այն նույն անձինք, ովքեր ժամանակին հեղինակել են «Նաիրիտի» շուրջ վերը նշված մութ ու կեղտոտ գործարքները։ Եվ խոսքը առաջին հերթին «Նաիրիտը» օֆշորային «Ռայնովիլ» ընկերությանը հանձնելու մասին է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728