Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի ոդիսականը-3

Փետրվար 26,2014 14:30

Կամ՝ մառազմ

Սիրելի ընթերցող, արդեն առիթ եմ ունեցել ասելու՝ ինչ այդ կարմիր գծերը հայտնվել են մեր այս ոչ մի լուրջ հնություն չունեցող, եղածներից էլ օր օրի զրկվող, հինավուրց քաղաքի մայթեզրերին, ես յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դրանց համար պահանջվող 2000 դրամները պարտաճանաչ կերպով վճարել եմ: Վճարել եմ նաեւ հոկտեմբեր ամսվա համար, բայց բանկի աշխատակցուհին անդորրագիրը տպելիս թյուրիմացաբար մեքենայիս պետհամարանիշում թույլ էր տվել մեկ թվի սխալ: Սխալն ուղղելու համար դիմեցի քաղաքապետարան եւ ստացա գրություն այն մասին, որ թյուրիմացությունը շտկված է, եւ իմ վճարած գումարը վերահաշվարկվել է իմ ավտոմեքենայի համարով: Սրանով այս պատմությունը պետք է որ ավարտվեր: Բայց դեկտեմբերին սկսեցի քաղաքապետարանից ծանուցումներ ստանալ՝ իբր ես հոկտեմբերի այս կամ այն օրը (չգիտես ինչու, ոչ ողջ հոկտեմբեր ամիսը) կայանել եմ մայթեզրերին, դրանց համար համապատասխան վճարում չեմ կատարել, ինչի համար էլ իմ նկատմամբ վարչական վարույթ են սկսել, ու ես պետք է տուգանվեմ:

Առաջին ծանուցմանն ի պատասխան՝ գրեցի պարզաբանում, կցեցի վճարմանս անդորրագիրը եւ քաղաքապետարանի գրությունը ու ներկայացրեցի նրանց տուգանող հանձնաժողովին: Ասացին՝ թյուրիմացություն է, կհարթեն, ու ես հեռացա: Իրոք, ժամանակ անց գրություն ստացա, որ իմ նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է: Հիմա արդեն սրանով պետք է ավարտվեր այս պատմությունը, բայց մի երկու օրից նույն բովանդակությամբ երկրորդ ծանուցումն ստացա: Քանի որ արդեն զայրացած էի, «Առավոտի» համար այս պատմությունը նկարագրող «Կարմիր գծերի ոդիսականը» վերնագրով ակնարկ գրեցի, այնուհետեւ գրեցի պարզաբանում-2, դրան կցեցի վճարմանս անդորրագիրն ու քաղաքապետարանի գրությունն ու կրկին տարա նույն տուգանող հանձնաժողովին: Այս անգամ էլ ասացին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ կշտկեն, ու ես կրկին հեռացա: Նրանց հավաստիացումներին այս անգամ գումարվում էր նաեւ «Առավոտի» հրապարակումը, ինչը հույս էր ներշնչում, որ թեման այլեւս փակված է: Բայց երկու-երեք օր չանցած փոստատարը բերեց հերթական ծանուցումը:

Այսքան գրագրությունից հետո նման շարունակությունն արդեն խոսում էր քաղաքապետարանի այս վարչության համապատասխան աշխատակիցների համապատասխան կարողությունների իսպառ բացակայության մասին: Այս անգամ արդեն «Առավոտի» համար գրեցի «Կարմիր գծերի ոդիսականը-2» ակնարկը, եւ երկու դիմում՝ մեկն ինձ անընդհատ ծանուցումներ ուղարկող վարչության պետ Մարտիրոսյանին, իսկ մյուսը՝ Երեւանի քաղաքապետին՝ բացատրելով, որ պահանջվող վճարումն իմ կողմից կատարվել է, որ այդ մասին իրենք տեղեկացված են, եւ հորդորելով, որ իմ հասցեով այլեւս անհիմն ծանուցումներ չուղարկեն, նաեւ նախազգուշացնելով, որ այս դիմումները համարում եմ վերջնական պարզաբանում ու նոր ծանուցումների դեպքում չեմ պատրաստվում նույն թեմայով նոր պարզաբանումներ ներկայացնել: Ժամանակ անց այս երկու դիմումներիս էլ պատասխանեց ինձ անընդհատ ծանուցումներ ուղարկող, ինչպես նաեւ իմ դիմումներն ի գիտություն ընդունող ու թյուրիմացությունը շտկել խոստացող վարչության պետ Մարտիրոսյանը: Նրա պատասխանում հստակ գրված էր, որ իմ դիմումում «նշված փաստերը հաշվի են առնվել, եւ դուք կծանուցվեք»: Տիրեց երկարատեւ լռություն: Ողջ հունվար ամիսը հանգիստ էր: Պարզաբանումներս տեղ են հասել՝ անցավ մտքովս: Նոր էի պատրաստվում հպարտանալ մեր քաղաքապետարանի այս վարչության աշխատակիցների այսքան արագ ըմբռնելու ընդունակությամբ, երբ փետրվարի 18-ին նույն խախտման համար 5000 դրամով ինձ տուգանելու որոշում ստացա: Ես, իհարկե, արդեն բողոքարկել եմ այդ որոշումը: Բայց մտահոգիչն արդեն անօրինական տուգանքը չէ: Մտահոգիչ է քաղաքապետարանի աշխատաոճը:

Նույն վիճակն է երեւի տիրում ողջ այս բյուրոկրատական համակարգում, որտեղ համակարգված աշխատանք գոյություն չունի: Մի՞թե այդքան դժվար է աշխատանքը այնպես կազմակերպել, որ քաղաքապետարանի տարբեր վարչություններ տեղյակ լինեն նույն մարդուն առնչվող գործընթացներից, որ նույն վարչությունը նույն մարդուց ստացած, նույն թեմային վերաբերող 3-4 դիմումները եւ պարզաբանումները, դրան գումարած մամուլի երկու հրապարակումները եւ իրենց տված պատասխաններն այնպես տնօրինի, որ այս կարգի սխալներ չլինեն: Թվում է, թե նրանք պետք է ունենային էլեկտրոնային ցանց եւ ոչ բարդ համակարգչային ծրագրի շնորհիվ քաղաքացու տվյալները մուտքագրելով՝ կարողանային տեսնել եւ նրա կողմից կատարված պահանջվող վճարումները, եւ նրա կողմից մուտքագրված դիմումները, եւ նրան՝ իրենց կողմից տրված պատասխանները: Բայց դատելով շարունակվող այս պատմությունից՝ նրանք կամ այս հնարավորությունը չունեն, կամ դրանից օգտվել չեն կարողանում, կամ ելնելով աշխարհի եւ ժամանակի մասին ունեցած իրենց ժամանակավրեպ պատկերացումներից՝ դրա անհրաժեշտությունը չեն զգում:

Անգամ տարիներ ու տասնամյակներ առաջ, երբ չկային համակարգչային այս հնարավորությունները եւ քաղաքապետարանի կամ այլ պետական կառույցների գործավար-աշխատակիցները ամեն ինչ անում էին ձեռքով՝ մատյաններում մուտքագրումներ ու լրացումներ կատարելով, այս կարգի սխալներ, նույն թեմայով այսչափ գրագրության առկայության պարագայում, որպես կանոն, բացառվում էին: Սա արդեն խոսում է իրենց աշխատանքի նկատմամբ աշխատակիցների ունեցած թյուր պատկերացումների մասին: Սա արդեն խոսում է աշխատակիցների անգրագիտության մասին: Սա արդեն խոսում է ընտրված կադրերի որակի մասին: Պետք է հասկանալ, որ վարչության պետ կամ այլ կարգի պետական պաշտոնյա լինելու համար Հանրապետական կուսակցության կրծքանշան ունենալը բավարար պայման չէ: Պետք են բոլորովին այլ որակներ: Սա, վերջապես, քաղաքապետարան է, ոչ թե Ազգային ժողով:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728