Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրամայդա՞ն, թե՞ Ռուսամայդան

Փետրվար 26,2014 12:00

Սահմանադրական կարգի հաստատում Վլադիմիր Վլադիմիրովիչի խորհրդականի օգնականի զանգով չի կարող հաստատվել

Մարտի 1-ին հանրահավաք է նախատեսված։ Այն, վստահաբար, վերջին շրջանի ամենամարդաշատ հանրահավաքը կլինի։ Հասարակական դժգոհությունը սոցիալ-տնտեսական ֆոնի վրա իր արտահայտությունը կստանա առաջիկա հանրահավաքում ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Իշխանությունները պետք է որ փորձեն դրա պատճառները հասկանալ եւ վերլուծել, եթե, իհարկե, նման ցանկություն առհասարակ ունեն եւ երկրի ապագայի մասին ժամանակ առ ժամանակ մտածում են:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի համար, կարծես, բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են հասարակական ընդվզումը գագաթնակետին հասցնելու եւ «ցանկալի» նպատակները կյանքի կոչելու համար՝ մանավանդ ոգեւորության ու էներգետիկայի առկայության պայմաններում, որն, այնուամենայնիվ, որոշակիորեն գալիս է ուկրաինական զարգացումների ֆոնին:

Որքան էլ տարվեն զուգահեռներ` ոմանք նմանություններ գտնեն, ոմանք էլ՝ ոչ ուկրաինական զարգացումների եւ Հայաստանում նոր Մայդանի հնարավոր առաջացման միջեւ, Հայաստանում նոր Մայդանի ենթադրյալ հաջողությունները բացառվում են գոնե այն պատճառով, որ ուկրաինական հասարակությունը ոտքի էր ելել նախ եվրաինտեգրման համոզված կողմնակիցը լինելով: Հիմա արդեն առճակատումը բաց է, մի կողմից՝ ընդդեմ նախկին խորհրդային երկրների Ռուսաստանի իշխելու անհագ ցանկությունն է, որը պաշտոնական Մոսկվան իր լայնածավալ քարոզչամեքենայով եւ մեկնաբանություններով չի էլ թաքցնում, մյուս կողմից` ուկրաինացի հասարակության սկզբունքային, գաղափարական պայքարն է` ընդդեմ ռուսական քաղաքականության:

Հայաստանում խորհրդարանական ոչ իշխանական ուժերից ոչ մեկը ընդդեմ ռուսական «ծրագրերի» բողոքի ընդվզումը չի թեժացնելու (Վրաստանում, օրինակ, դա հնարավոր է, քանի որ թե այժմ իշխող կուսակցությունը, թե ընդդիմությունը երկրի զարգացման հարցում արեւմտյան ուղղությունտ որպես առաջնահերթություն են դիտարկում):
Այստեղ կարող է հարց ծագել՝ իսկ սա ի՞նչ կապ ունի հայաստանյան իրականության հետ, Հայաստանում առկա եւ լուծման կարոտ խնդիրների հետ…

Հայաստանն իր Մայդանն ունեցել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, բայց Մայդանը չի արձանագրել իր վերջնական նպատակը, այն է` Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով, որովհետեւ թե իշխանության, թե ընդդիմության համար Հայաստանի իշխանության ձեւավորման «դաբրոյի» հարցը Մոսկվայում է լուծվում:

ՀԱԿ-ի գործիչները հաճախ են շոշափում այն թեման, թե Արեւմուտքը 2008-ին Ազատության հրապարակում հավաքված հասարակության պահանջները արհամարհեց: Վերջերս «Առավոտ»-ում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ուկրաինական զարգացումներին անդրադառնալով՝ նշել էր. «2008 թվականին աշխարհը երես թեքեց Հայաստանից եւ Հայաստանի ժողովրդավարությունից: Այսօր այդ երես թեքելու պտուղները քաղում են»:

Բայց 2008 թ. Մարտի 1-ից հետո Արեւմուտքը կարո՞ղ էր արդյոք աջակցել հարթակում կանգնած այն ուժին, որի համար, ավելի ուշ պարզվեց, Մոսկվայի հետ «պայմանավորվածություններն» են ավելի կարեւոր, քան բազմահազարանոց հրապարակը…

Այսինքն` Հայաստանում Եվրամայդան չի կարող լինել այն պարզ պատճառով, որ մեր քաղաքական դաշտի թե՛ հիմնական, թե՛ ոչ հիմնական ուժերի ընկալմամբ` Հայաստանի իշխանություն ձեւավորողը, իշխանափոխություն իրականացնողը, պալատական եւ թավշյա հեղաշրջում ու հեղափոխություններ իրականացնողը Մոսկվան է:
Հետեւաբար քաղաքական-հասարակական քննարկումներում, թերեւս, արժեր ոչ թե դիտարկել ու քննարկել Եվրամայդանը, այլ Ռուսամայդանի կայացման հնարավորությունները: Բայց այս դեպքում էլ հանուն արդարության պետք է արձանագրել, որ Ռուսամայդանի կայացումը որեւէ կերպ կապ չի կարող ունենալ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների կիրառման, ազատ տնտեսական հարաբերությունների կյանքի կոչման, օլիգարխիայի` իշխանության հետ սերտաճելու համակարգի վերացման հետ, որովհետեւ այսօրվա Ռուսաստանի իշխանություններն այս ամենի կրողը չեն, ավելին` լուրջ կոնֆլիկտ ունեն վերոնշյալ սկզբունքների իրական կրողների հետ:

Ավելի պարզ ասած` Հայաստանում սահմանադրական կարգի հաստատում հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խորհրդականի օգնականի զանգով չի կարող հաստատվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728