Լրահոս
Օրվա լրահոսը

Ծամծմված բառեր

Փետրվար 26,2014 13:45

Բառերը հաճախ օգտագործվելու արդյունքում մաշվում են, դառնում են ծամոն, չեն խփում իրենց նշանակետին: 70-ական թվականներին, օրինակ, կոմունիստների բոլոր մեծ ու փոքր ժողովների մոտավորապես 5-րդ րոպեին ժողովի նախագահողն արտասանում էր հետեւյալ տեքստը. «Առաջարկություն կա (հենց այդպիսի անդեմ ձեւակերպմամբ-Ա. Ա.) ընտրել մեր ժողովի պատվավոր նախագահություն` ի դեմս լենինյան քաղբյուրոյի` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի ղեկավարությամբ»: Բուռն ծափահարություններ, բոլոր վեր են կենում: «Թույլ տվեք,- շարունակում էր բանախոսը,- ձեր ծափահարությունները դիտարկել որպես ձեր աջակցության նշան»: Ծափահարություններ` արդեն նստած:

Ծես է, ռիտուալ, որտեղ ոչ մի բառ ոչ մի նշանակություն չունի, քանի որ 15 հանրապետությունների ամեն մի անկյունում դա կրկնվում էր ամեն օր, օրը մի քանի անգամ: Արդյոք այն մեծացնո՞ւմ էր հարգանքը «լենինյան քաղբյուրոյի» եւ դրա ղեկավարի հանդեպ՝ դժվարանում եմ ասել. որպես կրկնվող «մանտրա» գուցե ոմանց վրա ազդում էր:
Հիմա այդ կեղծ թիրախները չկան: Եվ դա մի կողմից՝ լավ է: Մյուս կողմից` հասարակական բառապաշարում դրանք մաշելու փոխարեն, քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները ծամոն են սարքում իսկապես նվիրական, կարեւոր հասկացություններից, որոնք պետք է հնչեն միայն հատուկ դեպքերում, կասեի նույնիսկ` փոքր-ինչ «հանդիսավոր» պայմաններում: Առաջին հերթին այդպիսի հասկացություն է «ժողովուրդը»:

Պատկերացրեք, օրինակ, ԱՄՆ-ում դատավարության ժամանակ, երբ հայտարարվում է նիստի սկիզբը, ասվում է` այսինչ նահանգի ժողովուրդը ընդդեմ այսինչի: Համաձայնեք, խրոխտ է հնչում` կողմերից մեկը ոչ թե ինչ-որ մի դատախազ է, այլ ժողովուրդը՝ իր միասնականության մեջ:

Դե, հիմա համեմատեք` ժողովուրդը տառապում է, ժողովրդին թալանում են, ժողովուրդը ոտքի է կանգնելու, այս հրապարակում կանգնած է ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը դատապարտում է… ի՞նչ տեսքով, ի՞նչ կերպարանքով է ներկայանում այս ձեւակերպումների մեջ իբր մեծարանքի առարկա դարձած ժողովուրդ կոչեցյալը: Իբրեւ մի գորշ, իներտ, ամեն ինչից դժգոհ զանգված, որը, լավագույն դեպքում, կարող է գործիք լինել ինչ-ինչ քաղաքական ամբիցիաներ բավարարելու համար:

Այս բառային ծամոնի մասնավոր դեպքն է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» միանգամայն ճիշտ, սահմանադրական նորմի տեղի-անտեղի կրկնությունը: Իրականում այդ նորմը նշանակում է միայն մի բան. իշխանության մարմինները պետք է ձեւավորվեն քաղաքացիների մեծամասնության կամքով, ինչը Հայաստանում, ցավոք, տեղի չի ունենում: Բայց այդ արտահայտությունն այնքան է անիմաստ շահարկվել, որ դրանով արդարացվում է ցանկացած անհատի ցանկացած արարք: Օրինակ՝ քանի որ իշխանությունը Հայաստանում, ըստ Սահմանադրության, պատկանում է ժողովրդին, ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, իրավունք ունեմ գնալ շուկա եւ խնձոր գողանալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կորչե՜ն բողոքամոլությունն ու կասկածամտությունը՝ կեցցե խորագույն հավատքը առ հայրենի իշխանություն…
    Կորչե՜ն ծամծված բառերը, բոլորս դեպի դեպի աներևույթ շղարշների ապահովության գետաբերան…

  2. Կարեն says:

    Նմանատիպ բառեր կիրառվում է ոչ միայն քաղաքականության մեջ։ Մեր ժողովրդի մեծագույն դժբախտությունը նույնպես դարձել է խոսքի խաղալիք։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒթՅՈՒՆ բառը տեղին կամ անտեղի կիրառվում է այնքան հաճախ, որ սարսուռ առաջացնելու փոխարեն ընկալվում է որպես սովորական արտահայտություն։

  3. MARD says:

    Յուրաքանչյուր բառերի շարան արտահայտում է իր միտքը .
    Կոմունիստների դեպքում, թեկուզ եվ մաշված , բայց դա շեշտում է իր ,այսինքն ասողի եվ հավաքվածների հավատարիմ պատկանելիությունը այդ կոմունիստական խմբին.
    Այն մարդիկ որոնք կոմունիստ չէին իսկի պետքն էլ չէր ոչ լսելու , առավել եվս ոչ ել անգիր անելու այդ շարանը.
    Օրինակ երբ 90 թվին ես դիմեցի մի մուրուքավոր հեղափոխականի «ապեր ով», նա ասաց որ «իր հետ կոմունիստական ակցենտով չխոսամ». Այսինքն ուզում էր շեշտեր իր պատկանելիությունը եվ հավատարմությունը հեղափոխական խմբին.
    Կամ ասենք մի դատապաշտպան կարող է կարդալ նամակը եվ հստակ ասել թե նամակ գրողը դատապաշտպան է թե ոչ հենց այդ պատկանելիության բառերն օգտագործելու շնորհիվ.
    «իշխանությունը պատկանում է ժողովրդին» շեշտում է այն ինչ որ ասում է.
    Իսկ ինչ որ շեշտվում է բազմաթիվ անգամ դա ականջներին սովորացնելու տեխնիկա է մարկետինգում օգտագործվող , որը ականջին սովորացնելուց հետո կամաց կամաց նստում է նաեվ լսողի մտքին եվ աստիճանաբար նրան հավատացնում ասածի էության հետ.

  4. MARD says:

    Իսկ որքանով է շեշտվածը համապատասխանում իրականության հետ

  5. Hayk says:

    Точно так же сегодня используют слово “демократия” и нацисты, и фашисты, и прочая мразь, для оправданий своих гнусных преступлений!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728