Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցված է «Հյուսիս – Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը. «Ազատություն»

Փետրվար 25,2014 21:54

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցումը դադարեցված է դեռ անցած տարվա նոյեմբերից:

556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության, ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:

«Մենք մոնիտորինգ ենք արել Երևան – Աշտարակ և Երևան – Արարատ կետերը: Ցավում եմ, մենք մտածում էինք, որ մոնիտորինգի կարիք հետո չի լինի, որովհետև այդ կետերը արագ կկառուցվեն, որովհետև այնտեղ նույնիսկ ճանապարհը չէր կառուցվում, պետք է վերակառուցվեր՝ ուղղակի լայնարար: Բայց հիմա արդեն 2014 թվականն է, և երբ գնում ենք շինարարության կետերը, մենք տեսնում ենք, որ այնտեղ 15-20 կմ, ավելին` գործ արված չէ։ Կարող ենք ասել, որ ծրագրի իրականացումը ձախողվել է: Նախ` երեք տարի ուշացումով սկսեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ ամիսներով շինաշխատանքներ չեն ընթանում», – փոխանցեց Ադամյանը՝ հավելելով․ – «Խայտառակ իրավիճակ է: Ես չեմ կարողանում ուղղակի հասկանալ, ե՞րբ պետք է այս խայտառակությունն ուղղակի ավարտվի»:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին: Այդ ընթացքում չօգտագործված վարկի համար, մեր պետբյուջեից որպես «պարտավորության վճար» բանկին փոխանցվեց, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 300 հազար դոլար: Ինչը, ի դեպ, հաստատեց, բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոլը՝ 2012-ի ապրիլին Երևանում կայացած ասուլիսին:

Հաջորդ սկանդալը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի Արա Հովսեփյանի պաշտոնանկությունն էր: Տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող երկարաշունչ անունով այդ ՊՈԱԿ-ն է Հայաստանի կառավարության կողմից իրականացնում ծրագիրը, և 2013-ի ապրիլին նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով  Հովսեփյանը ազատվեց աշխատանքից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար է պաշտոնանկ արվել Արա Հովսեփյանը: Մամուլը գրեց թե չարաշահումներ են եղել, իսկ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում թերացումներ ի հայտ եկան:

Եվ ահա, այսօր «Հյուսիս-Հարավ» մայրուղին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ ամիսներով ճանապարհը չի կառուցվում:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mush says:

    ՍՈՒՏ: Հենց էսօր եմ անցել Աշտարակ-Երևան ճանապարհով: Ու մարդիկ լավ էլ ակտիվ աշխատում էին, ահագին սարքել են: Մենակ լայնացնելը չի, պանելներ են գցել ամբողջ ճանապարհով, մնացել ա մենակ ասֆալտեն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728