Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական աթոռով հարվածել է ծառայակցի գլխին

Փետրվար 25,2014 20:58

Գյումրի քաղաքի բնակիչ, 1995թ.  ծնված Արտյոմ Պերթեզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ. նոյեմբերի 11-ին, առավոտյան 6-ն անց 30-ի սահմաններում հրաձգային գումարտակի կացարանից դուրս գալու կապակցությամբ, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է շարքային զինծառայող, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանի հետ, որի ժամանակ կացարանում գտնվող զինվորական աթոռով հարվածել է Ս. Սարգսյանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Ա. Պերթեզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, անձի առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»):

Ըստ «Դատալեքս» կայքի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Պերթեզյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: 2104թ. փետրվարի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արտյոմ Պերթեզյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ նրան դատապարտել կարգապահական գումարտակում պահելով՝ մեկ տարի ժամկետով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728