Այսօր ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնին կից գործող «Միհր» թատրոնը ներկայանալու է նոր նախագծով՝ «Ցուցահանդես –թատերաբեմ», որի հեղինակն է Ցոլակ Մլքե-Գալստյանը: Այն իրենից ներկայացնում է ժամանակակից թատերական և պարային լուծումներով մոդեռն ներկայացում՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Նախագծի առաջին ներկայացումը վերնագրված է «Առանց ստի»:
Ներկայացման պրեմիերայի առիթով հեռախոսային զրույց ունեցանք նախագծի հեղինակ Ցոլակ Մլքե-Գալստյանի և «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի հետ:
Պրն Մլքե-Գալստյանը նախ խոսեց այն մասին, թե ինչու է նախագիծը կոչվում «Ցուցասրահ-թատերաբեմ: Նա ասաց, որ այն արված է ցուցադրության ձևով: Եվ այդ ցուցադրությունն էլ վերածվում է թատերական տարածքի: Հանդիսատեսը շարժվելու է, ինչպես ցուցադրությունների ժամանակ, սակայն ընթացքի մեջ դիտելու է նաև ներկայացումը: Ծրագրի հեղինակը նաև նշեց, որ լինելու է 4 բեմ: «3 բեմերը ներկայացման համար են նախատեսված, իսկ չորրորդը՝ երաժիշտների»,- ասաց պրն Մլքե-Գալստյանը: Նա նաև խոսեց հատուկ այս նախագծի համար Հայաստան այցելած պարսիկ երաժիշտ Մոհամմադ Հասան Մոազզենիի մասին: Նա ասաց, որ երաժիշտը այս ծրագրի համար նոր ստեղծագործություն է գրել, որն էլ հնչելու է ներկայացման ժամանակ: Իսկ ներկայացումը բաղկացած է լինելու 5 տեսարանից:
Տիկին Շառոյանն էլ ստուգաբանեց ներկայացման անվանումը՝ «Առանց ստի»: «Սուտ այնքան շատ է մեր կյանքում, որ մի տեսակ հոգնել ենք ստից: Թե արվեստի մեջ, թե կյանքում սուտն անընդունելի չարիք է, թերևս այդ է պատճառը, որ անվանել ենք «Առանց ստի»,- ասաց տիկին Շառոյանը: Նա նաև խոսեց պարսիկ երաժշտի հետ համագործակցության մասին: «Արվեստն այնպիսի մոգական ուժ ունի, որ շատ արագ միավորում է մարդկանց, որոնց մեջ կա այն: Եվ այդպիսի մարդիկ շատ շուտ անձնատուր են լինում իրենց մասնագիտությանը»,- ասաց «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:
Կարդացեք նաև
Վարդուհի ԲԱԼՅԱՆ