Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք մենք գնում ենք Մաքսային միություն գիտակցելով մեր շահերը». տնտեսագետ Թաթուլ Մանասերյան. (Տեսանյութ)

Փետրվար 25,2014 19:35

Փետրվարի 25-ին ՌԱՀՀԿ դահլիճում քննարկվեցին Հայաստանի` Արևելյան գործընկերության և Մաքսային միությանն ինտեգրման պայմանները:

Որպես կառավարման ոլորտի մասնագետ`Հարություն Մեսրոբյանը մեկնաբանեց ինտեգրացիան` ազդեցության ոլորտների տեսանկյունից. «Ընդհանրապես ցանկացած բազմաուժային պատկերում երբեք չի լինում ստատիկ իրավիճակ. ինչ-որ կոնգլոմերացիաներ (միավորումներ) են ստեղծվում, տրոհվում են և այլն, որոնց հետևում միշտ կան միայն շահեր: Եվ, այս կամ այն պետությունը, որը որոշում է` մտնի՞ ինչ-որ կոնգլոմերացիայի մեջ թե՞ ոչ, ինքը պարզ հարցի պատասխան պետք է ունենա`ի՞նչը ինչի դիմաց: Որպես կանոն` ինչը, բավականին պարզ է`դրանք ինքնիշխանության կոմպոնենտներ են`քաղաքական որոշումներ, այստեղից բխում է ռազմավարական որոշումների կայացման հնարավորությունը, ռազմական, անվտանգության, տնտեսական, սոցիալական և այլն: Այսինքն`այն խնդիրները, որոնք, որպես ինքնիշխան պետություն, պետք է լուծվեին տեղի իշխանությունների կողմից տրվում են ուրիշին:

Հիմա, չգիտես ինչու միշտ խոսում են երկու ուղղությունների մասին` արևմտյան ուղղության` Եվրամիություն, և հյուսիսային ուղղության`Մաքսային միություն: Երկուսն էլ ստրատեգիկ իմաստով բավականին երիտասարդ կոնգլոմերացիաներ են. Մաքսայինը`մի քանի տարի, մի քանի տասնյակ տարի էլ` Եվրամիությունը: Պետության կողմնորոշման համար դա քիչ հատված է, որ մենք գնանք կողմնորոշման ճանապարհով»:

Պրն.Մեսրոբյանը զգուշացնում է, որ եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, «մեր գլխին հավաքում ենք լրացուցիչ խնդիրներ», այսինքն` ՄՄ կազմում գտնվող պետությունների շահերը տարածվում են նաև մեզ վրա. «Հենց այնպես չէ, որ Ղազախստանի նախագահն արդեն շատ ակնարկներ է անում Հայաստանի մտնել-չմտնելու վերաբերյալ»:

Հարություն Մեսրոբյանը նշեց նաև, որ շատ ավելի վտանգավոր է խոսել որևէ միությանն անդամակցելու մասին, երբ կա «մարտավարական անվտանգության խնդիր» Ադրբեջանի հետ և «ռազմավարական անվտանգության խնդիր»` Թուրքիայի հետ:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ ամեն ինչ կախված է «հենց մեզնից». «Մեր փոխարեն, միգուցե փորձեն որոշումներ կայացնել, բայց մենք պետք է արժանապատիվ ձևով այդ որոշումները ծառայեցնենք մեր ազգային և պետական շահերին: Ես վստահ չեմ, որ մինչ օրս ո′չ Եվրամիության հետ բանակցություններում, ո′չ Մաքսային միության հետ բանակցություններում առաջին պլանում դրվել են ազգային, պետական շահերը:

Կարծում եմ, որ ցանկացած գործընկերոջ հետ կարելի է և պետք է, լսելով և հարգելով նրան, ունենալ նաև սեփական օրակարգը: Մենք մեզ համարում ենք Եվրոպայի մաս: Առանց սնապարծության ես համարում եմ, որ հայ ժողովուրդը ունի իր լուրջ ներդրումը եվրոպական քաղաքակրթության մեջ և մենք նաև պետք է այս հարցում ևս պահանջատեր լինենք…Եվ, արդյո՞ք մենք գնում ենք Մաքսային միություն գիտակցելով մեր շահերը`իմ զգացողությունը առայժմ բացասական է: Դրական կողմերին անդրադառնալով` անշուշտ համահիմնադիր լինել շատ ավելի նախընտրելի է, քան հետագայում այդ պայմանները ընդունել»:

Պրն.Մանասերյանն ասաց, որ այն «տնտեսական գրավիչ մեխանիզմը», որը ստեղծվել է Եվրոպայում և ստիպում է մյուս երկրներին դառնալ Եվրամիության անդամ, չկա Մաքսային միությունում, ուստի որևէ գրավչություն չկար`միանալու ՄՄ-ին:

Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները հիմնված են անհավասար պայմանների վրա. «Մենք մտնում ենք Մաքսային միություն էն պայմաններում, արդեն զուտ տնտեսական գործոններն այստեղ հաշվի առնենք, երբ անդամ երկրներից` հենց երեք հիմնադիր երկրները ունեն բացառություններ մի շարք ապրանքների և ծառայությունների գծով, մինչդեռ Հայաստանում ապրանքների միակ բացառությունը ծխախոտն է, որը  դեռ պետք է մաքսատուրքով հարկվի: Այսինքն`ստացվում է, որ ստրատեգիական նշանակության այնպիսի ապրանքներ, ինչպես, ասենք, փայտանյութ, երկաթ, գազ, նավթ, սրանք ազատ առևտրի մեջ չեն մտնելու, սրանք բացառություններն են, կարևորագույն ապրանքատեսակներն են, իսկ Հայաստանից` միայն մեկ ապրանքատեսակ»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728