Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան նամակով դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետա Սամարուգային Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հակահայկական որոշումը բողոքարկելու համար: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
Թուրքական «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի Շվեյցարիայի դեմ հայցի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշումը թուրք գործչի օգտին էր ընդունել: Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելով՝ ատելության քարոզ տարածելու համար:
«Որպես Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան, մենք ամենաանմիջական, ամենամոտ կանգնած ականատեսներն ենք, թե ինչպես է Հայոց և Փոքր Ասիայի այլ քրիստոնյա էթնիկ խմբերի ցեղասպանության ժխտումը նպաստում է հակաժողովրդական համակարգի վրա՝ իրավունք տալով ռասայական ատելություն տարածելու, ատելության հողի վրա հանցագործություն կատարելու և խոսքի ազատությունն ու, ընդհանուր առմամբ մարդու իրավունքները խախտելու», – ասված է իրավապաշտպան կազմակերպության նամակի մեջ՝ նշելով, որ Փերինչեքի դեմ Շվեյցարիայի դատարանի որոշումը «բոլորին պաշտպանելուն ուղղված քայլ էր», իսկ ՄԻԵԴ-ի որոշումը Թուրքիայում հակահայկական տրամադրություններ է առաջացրել:
Մասնավորապես Թալիաթ Փաշա կոմիտեն երկար տարիներ անց առաջին անգամ ժողով էր հրավիրել 2014թ. հունվարի 19-ին (Հրանտ Դինքի սպանության օրը)՝ միջոցառումը վերնագրելով «Սա դեռ սկիզբն է: Նոր հաղթանակները ճանապարհին են»: Իսկ Փերինչեքը, որը Թուրքիայում 117 տարվա ազատազրկման է դատապարտված, իր խոսքն էր ուղարկել ժողովի մասնակիցներին՝ «Այժմ մենք դուրս կգանք շրջանակից ու կպաշարենք Թուրքիայի թշնամիներին և հաղթանակներ կտոնենք բոլոր ճակատներում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ