Փետրվարի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հրավիրեց խորհրդակցություն` նվիրված շարժական գազալցակայանների անվտանգության և շենքերի հրդեհային անվտանգության հիմնախնդիրներին։
ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում անցկացված հանդիպմանը մասնակցում էին ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետներ, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ոստիկանության և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ։
ԱԻ նախարարը նշեց, որ շարժական գազալցակայանների անվտանգության հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։ 2010 թ. Արտակարգ իրավիճակների նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աջակցությամբ մայրաքաղաքի տարածքից դուրս բերեց պոտենցիալ վտանգ ներկայացնող 25 շարժական գազալցակայան։ Սակայն այսօր ծառացել է մեկ այլ խնդիր. մարզերում շարունակում են ապօրինաբար շահագործել բնական և հեղուկ գազի շարժական լցակայանները։
Մարզեր տեղափոխված շարժական գազալցակայանները հիմնականում գործում են առանց ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության, հաճախ տեղակայված լինելով բնակելի շենքերի կամ մարդկանց ներկայությամբ այլ շինությունների անմիջական հարևանությամբ։
2005-2014 թվականների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից գրանցվել է 21 հրդեհի դեպք ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) և 3 հրդեհի դեպք շարժական գազացիստեռներում (գլանատակառներում): Հրդեհներից զոհվել է 8 և վնասվածքներ ստացել՝ 11 մարդ:
Խորհրդակցության մասնակիցները հանդես եկան մարզերում շարժական գազալցակայանների անվտանգությունն ապահովելու առաջարկներով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հրդեհային անվտանգության թերություններով շահագործվող և նոր կառուցվող բնակելի շենքերի ու շինությունների` հակահրդեհային նորմերին համապատասխանելու հիմնահարցերը։
ԱԻՆ