Մարտի 2-ը՝ Միավորված Ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը օրը, անցյալ տարվանից նշվում է որպես դիվանագետի օր։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից՝ գրեթե ոչնչից ստեղծել մի նոր համակարգ, ստեղծել շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ցավոտ վերափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում դիմակայում էինք մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող թշնամուն։
Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում մեզ հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող երկրների հետ։
Դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության առաջամարտիկը, երազել
անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների
Կարդացեք նաև
կենտրոնակայանների և հայկական դեսպանատների առջև։
Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ 157 պետությունների հետ, հանդիսանում ենք 87 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 61 դիվանագիտական ներկայացուցչություններ:
Դիվանագետը մեզ մոտ հաճախ նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող կերպարի հետ, և այդ ամենի հետևում չի երևում տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի գործունեության անբաժան մասն է: Ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունը նման է սառցաբեկորի. այն մասը, որը երեւում է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է անտեսանելի։ Սա կվկայեն նաև նախկին արտգործնախարար մեր երկու գործընկերները:
Աշխատանքի բերումով շատ եմ շփվում մեր արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ և ամեն անգամ հպարտությամբ եմ նկատում, թե ինչպիսի նվիրվածությամբ և ջանասիրությամբ են նրանք մոտենում իրենց վստահված գործին՝ տարբեր հարթակներում եւ երկրներում ներկայացնում մեր երկիրը, պաշտպանում մեր շահերը։
Հարգելի գործընկերներ, խորհրդարանական այս բարձր ամբիոնից ցանկանում եմ շնորհավորել մեր երկրի Նախագահի ընդհանուր ղեկավարման ներքո և արտգործնախարարի գլխավորությամբ իրենց առաքելությունն իրականացնող մեր բոլոր դիվանագետներին` գալիք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք, նոր նախաձեռնություններ և հաջողություններ, և վստահեցնել, որ մենք մեծապես կարևորում ու գնահատում ենք նրանց հայրենանվեր աշխատանքը։
Խորհրդարանական դիվանագիտությունը ևս իր մասնաբաժինն ունի և ցանկանում եմ շնորհավորել նաև մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, գործում են միմիայն պետության միասնական շահերից և պատասխանատվությամբ ու պատվախնդրորեն են մոտենում իրենց վստահված աշխատանքին: