Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Փետրվար 25,2014 18:50

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք և ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը»:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. «Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը հնարավորություն տվեց ունենալ հաջողված փաստաթուղթ:

«Սա շատ լավ հիմք է նաև հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա և մենք կարծում ենք, որ մինչև դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը և ձևավորել մեր օրակարգը»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում և կա դրական արձագանք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն ակտիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաև 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը:

Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում:

 

ԱԱԽ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728