Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը մաքսայինից վախեցած գյուղապետերին. «Միանգամից մաքսային արժեքների բարձրացում չի լինելու»

Փետրվար 25,2014 18:22

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Շիրակի մարզպետարանի վարչության պետերի բավական երկար ու ձանձրացնող ելույթներից հետո ելույթ ունեցավ նաև գյուղնախարարը` խոսելով գյուղատնտեսական տարբեր ոլորտների մասին ու հարց ու պատասխանի մեջ մտնելով գյուղապետերի հետ: Նախարարին ուղղված հարցադրումները թեև սկսվում էին շնորհակալական խոսքերով, սակայն բավական սուր էին: Գյուղապետերից մեկը խիստ մտահոգված տոնով նախարարին հարցրեց. «Ես կուզենայի ճշտած լինեի, թե էդ Մաքսային միությունը ի՞նչ կտա մեզ` գյուղացիներիս», որին, ի պատասխան նախարարը բավական ծավալուն ելույթ ունեցավ` համոզելով, որ այն շատ լավ գաղափար է:

«Շատ լավ հարց եք տալիս, վերջին ժամանակների ամենաշատ քննարկվող հարցն է: Հարցնում են Մաքսային միություն մտնելուց հետո ի՞նչ է տալիս դա մեզ, հատկապես գյուղատնտեսական ոլորտին: Որոշ մարդիկ ասում են, որ պարենային ապրանքների գները բարձրանալու են, որոշ մարդիկ ասում են` ներկրվող գյուղատնտեսական տեխնիկայում օգտագործվող նյութական արժեքների գներն են բարձրանալու: Հիմա ես մի քիչ մանրամասնորեն ասեմ. մենք էսօր գյուղատնտեսական ոլորտում օգտագործվող տրակտորները, կոմբայնները ամբողջությամբ կրում ենք Մաքսային միության երկրներից`Բելոռուսիայից և Ռուսաստանից: Էսօր, եթե մեր գյուղացուն հարցնեք` ի՞նչ տրակտոր ես ուզում, ինքը կասի «Բելառուս» եմ ուզում: Եվ մեր ուսումնասիրությունները դա են ցույց տվել. մենք ասում ենք դուք ուզո՞ւմ եք «Ջոնդի», մյուս եվրոպական երկրների թանկ տրակտորները, ասում են `ոչ: Դրան սովոր են, պահեստամասերը ավելի հեշտ է ձեռք բերելը, ավելի էժան է, սպասարկումը ավելի հեշտ է, դրա համար էլ էդ ենք ուզում:

Այսինքն` էդ առումով մենք թանկացում չենք ունենալու: Էդ թանկացումները, որոնք էսօր մատնանշում են, դրանք վերաբերում են երրորդ երկրներին: Եթե մենք ենթադրենք Հնդկաստանից կամ Չինաստանից տեխնիկա բերենք, էդ դեպքում հնարավոր է, որ մաքսային արժեքը բարձր լինի, բայց էդ առումով մենք էսօր ունենք աշխատանքային խումբ, բանակցություններ ենք վարում Մաքսային միության համապատասխան կառույցների հետ:

Գյուղատնտեսության ոլորտի առումով կա երկու աշխատանքային խումբ, մեկը` սննդամթերքի անվտանգության առումով է, մյուսը` մաքսային արժեքների: Էսօր մենք բանակցություններ ենք վարում, և ես հաստատ համոզված եմ, որ ժամանակ կտրվի մեզ, միանգամից գների բարձրացում կամ մաքսային արժեքները չեն բարձրանալու: Մենք ժամանակ ենք խնդրելու, որպեսզի էդ ժամանակը օգտագործենք հետագայում:

Դա նաև նպաստավոր է մեզ համար, ասեմ. ենթադրենք հավի մսի երրորդ երկրներից ներկրման ժամանակ դրույքաչափը մի քիչ բարձր է մաքսային, դա նշանակում է, որ եթե մենք երրորդ երկրներից հավի միս բերենք, մեր շուկայում գները թանկանալու են: Մեր տեղական արտադրությունը զարգանալու է, սա խթանելու է, որ տեղական արտադրությունը զարգանա: Բայց մենք երրորդ երկրներից կարելի է ասել ոչ մի բան էլ չենք կարող ներկրել, չենք ուզի ներկրել, մենք կներկրենք մեր երկրներից` Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից: Էսօր մեր 100 հացահատիկի տոկոսը ներկրվում է Ղազախստանից, Ռուսաստանից, բոլորդ գիտեք, էլ ինչի՞ մասին է խոսքը, գները ինչի՞ պիտի բարձրանա:

Պարարտանյութը բերում ենք լրիվ Ռուսաստանից, մի մասը, եթե բերել ենք Պարսկաստանից, Մաքսային միություն մտնելուց հետո էդ ամբողջ ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերը կներկրենք Ռուսաստանից, Բելառուսից, իրենք էլ են արտադրում: Նրանք մեզ ավելի ցածր գներով են տալու կամ մինչև էսօր են տվել: Մաքսային միության երկրների համար կան առանձին գներ, որոնք նպաստավոր են այդ երկրների տնտեսությունների զարգացման համար: Ես գտնում եմ, որ Մաքսային միություն մտնելուց հետո մեր գյուղատնտեսության վիճակը ավելի լավանալու է», -գյուղապետերին մխիթարեց նախարարը:

Սերգո Կարապետյանի ասելով, արտահանումների առումով ևս դրական արդյունքներ են արձանագրվելու, քանի որ մեր գյուղատնտեսական մթերքների 75 տոկոսը արտահանում ենք Ռուսաստան և Մաքսային միության այլ երկրներ, հիմնականում Ռուսաստան: «Մեր ծավալները ավելանալու են Մաքսային միություն մտնելուց հետո, հնարավորությունները մեծանալու են, մեն ավելի շատ ենք արտահանելու: Մենք անցած տարի 65 հազար տոննա պտուղ- բանջարեղեն ենք արտահանել և հիմնականում Ռուսաստան, սա նպաստավոր է լինելու գյուղատնտեսության համար: Սերմերը էսօր մենք որտեղի՞ց ենք ներկրում, սերմերի ծրագիր ենք իրականացնում, ամբողջը բերում են Ռուսաստանի Դաշնությունից, այնպես որ գյուղատնտեսության համար սա բացասական ազդեցություն չի ունենալու, ընդհակառակը սա նպաստավոր է լինելու գյուղատնտեսության զարգացման համար»-մեկ անգամ ևս կրկնեց նախարարը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728