Փետրվարի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված՝ Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին դիմեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:
Եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ներկայացրելով արցախյան ազատագրական պայքարի մանրամասները՝ նա նշեց, որ 26 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած ջարդերը էթնիկ զտման քաղաքականության առաջին օրինակն էին Խորհրդային Միության տարածքում: Դեսպան Քոչարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն իր անկախության հռչակումից հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազգային հերոսներ:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի, Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների, Գուրգեն Մարգարյանի, խաղաղ պայմաններում սահմանային գոտիներում զոհված հերոս երիտասարդների հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից»,-իր խոսքը եզրափակեց Լիբանանում Հայաստանի դեսպանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Շահան Կանդահարյանը: Նա նշեց, որ անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկ զտումների:
Կարդացեք նաև
Ձեռնարկի ավարտին կազմակերպիչների՝ ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԼՂ ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:
Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին կրոնական առաջնորդներ, քաղաքական, կուսակցական, ազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նույն օրը Լիբանանի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Գուրգեն Մարգարյանի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ