«Եթե մեր իրավապահ մարմինները արած լինեին իրենց գործը, ես երբեք երկրորդ անգամ չէի բարձրանա այս ամբիոն եւ հարցը չէի բարձրացնի»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանը` հիմնավորելով «մարտի մեկի» հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Նա համոզված է, որ այս գործի չբացահայտման պատճառը միմիայն տաբուն է. «Այս գործը տաբուի տակ է»:
Հիշեցնենք, որ համանման հանձնաժողով ստեղծելու կոալիցիա-ՀԱԿ պայմանավորվածությունն անցած նստաշրջանում բազմաթիվ վայրիվերումներից հետո այդպես էլ ի չիք դարձավ: «Դուք այստեղ ասում եք`խոստացա գազի հարցով հանձնաժողով, աշնանը`Նաիրիտի հանձնաժողով, բայց դուք մոռացել եք, որ առաջինը խոստացել եք մարտի մեկի հանձնաժողով ստեղծել»,- դիմելով ԱԺ նախագահին ասաց Գագիկ Ջհանգիրյանը: «Մարտի մեկի հանձնաժողովի հետ կապված դուք իրավաբաններով ընդհանուր հայտարարի չեք եկել, կոալիցիայում մենք որոշում ունեինք հանձնաժողով ստեղծել»,-բանախոսին հակադարձեց ԱԺ նախագահը`հորդորելով Պետաիրավական հանձնաժողովում համաձայնության գալ:
«Տարրաձայնությւոնները ի հայտ են եկել լիագումար նիստում, հանձնաժողովում որեւէ նման բաներ չեն հնչել, թե դատախազին, քննիչներին չենք կարող հրավիրել խորհրդարան»,-պարզաբանեց Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ նախկին հանձնաժողովը չկայացավ, քանի որ մեծամասնության ներկայացուցիչները հայտարարեցին, թե դատախազին եւ քննիչներին չեն կարող հրավիրել հանձնաժողով եւ բացատրություններ պահանջել: Այսօր արդեն, Գագիկ Ջհանգիրյանն, ով այն ժամանակ այդպես էլ չկարողացավ դոմինանտ դարձնել իր կարծիքը, ի հեճուկս մեծամասնության ներկայացուցիչների, նկատեց. «Տարի է անցել եւ ԱԺ մեծամասնությունը նախագիծ է ներկայացրել, որ 2005-ի Սահմանադրական փոփոխությունից հետո գլխավոր դատախազը դարձել է հաշվետու խորհրդարանին»: Նույնը քննիչների վերաբերյալ է, որոնք գործադիր մարմնի ներկայացուցիչներ են:
Մեկ այլ դիտարկում էլ անելով նախաքննության գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու քաղաքական մեծամասնության վերապահումների մասով՝ ասաց, որ դա մինչեւ գործը դատարան ուղարկելն է. «Դուք ի՞նչ է, մտավախություն կամ հույս ունեք, որ այդ գործը գնալու է դատարա՞ն»: Նա նաեւ նկատեց, որ այդ արգելքը ԱԺ-ին չի վերաբերվում, այլ կողմերին`չբացահայտելու համար մյուս կողմի հակափաստարկները: Այնուհանդերձ, Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ այս նախագիծը որեւէ աղերս չունի նախորդի հետ, շատ սահմանափակ խնդիրների շրջանակ է դրված այստեղ. այն փաստահավաք ֆունկցիա չի իրականացնելու, այլ քաղաքական գնահատական է տալու իրավապահ մարմինների կատարած գործողություններին եւ կայացրած որոշումներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ