Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

300 հոգուց պակաս բնակչություն ունեցող համայնքների 30 տոկոսը Սյունիքի մարզում է

Փետրվար 25,2014 17:08

Սյունիքի մարզում գյուղերի պահպանության եւ զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում: Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում, որտեղ պայմաններն ավելի շատ հարմար են անասնապահության ու դաշտավարության զարգացման համար, գյուղատնտեսության նախարարության եւ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են ջրարբիացման, կոպերատիվ տնտեսությունների ստեղծման, խմոցների կառուցման եւ այլ ծրագրեր, որոնք ուղղված են խոտհարքների, արոտավայրերի, վարելահողերի ավելացմանը եւ այլն: «2013 թվականին մենք ցանքսատարածությունների, վարելահողերի որոշակի աճ ապահովեցինք, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել, ապա տվյալ տարածաշրջանների բնակիչները բավականին հնարավորություններ կունենան ե՛ւ դաշտավարությամբ, ե՛ւ անասնապահությամբ զբաղվելու», – նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ հավելեց, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում գյուղերի պահպանության ու զարգացման համար էլ այլ ծրագրեր են մշակվում:

Նշենք, որ Սյունիքի հարավի՝ հատկապես Կապանի տարածաշրջանի շատ գյուղեր դատարկման խնդրի առջեւ են կանգնած: Տարեցտարի նվազում է բնակչության թիվը, տարիներ շարունակ ծնունդներ չեն գրանցվում, որոշ գյուղերում էլ վերջին տարիներին դադարել են գործել մի շարք կրթօջախներ: «Ցավով եմ նշում, բայց 300 հոգուց պակաս բնակչություն ունեցող համայնքների մեծ մասը՝ հանրապետության 30 տոկոսը, մարզի այս հատվածում է: Մարզում կան գյուղեր, որտեղ դպրոցներ չեն գործում, ուստի երիտասարդ ընտանիքները ստիպված են լինում հեռանալ գյուղից: Մենք առաջին հերթին պետք է դպրոցը, մանկապարտեզը պահպանենք՝ դրանով իսկ հնարավորություն տալով այդ ընտանիքներին մնալ գյուղում: Հետագայում արդեն գյուղատնտեսության զարգացման տարբեր ծրագրերի ներդնման մասին պետք է մտածենք», -ասաց պարոն Հակոբյանը եւ ընդգծեց, որ անցած տարի մարզում գործող դպրոցների թիվը չի կրճատվել:

Մեղրու տարածաշրջանի գյուղերի զարգացումը մարզային իշխանությունները տեսնում են պտղաբուծության զարգացման, սննդի վերամշակման գործարանների ստեղծման մեջ: Մարզպետի խոսքով՝ կառավարությանն են դիմել, որպեսզի սահմանային գոտիներում հողի համապատասխան կատեգորիաների փոփոխության հնարավորություն տրվի: Ինչի արդյունքում կավելանան գյուղատնտեսական հողերի օգտագործման ծավալները, որն էլ կխթանի արտադրանքի ծավալների աճին:

Մինչդեռ Մեղրու տարածաշրջանում հիմնականում մրգի իրացման խնդիր կա, ապա Կապանի տարածաշրջանում գյուղերի բնակիչներն էլ կաթնամթերքի իրացման խնդրի առջեւ են կանգնած: Կաթնամթերքը քաղաք հասցնել դժվար է, գյուղերում էլ կաթի վերամշակման կամ իրացման կետեր չկան: Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ղեկավարների հետ այս խնդրի շուրջ քննարկումներ են ունեցել եւ նախնական պայմանավորվածություններ ձեռքբերել: Գործարարները պատրաստակամություն են հայտնել տեղերում ստեղծել շարժական սառնարանային տնտեսություններ, որտեղ էլ գյուղացիները կկարողանան հանձնել կաթի պաշարը: Նախաձեռնողները կարծում են, որ կաթի հավաքման փոքր կետերի ստեղծման ծրագրի իրագործումն իր դրական արդյունքը կտա: Գյուղացիները ոչ միայն կաթի իրացման խնդիր չեն ունենա, այլեւ՝ կավելացնեն իրենց անասնագլխաքանակն ու կավելանա նաեւ կաթի պաշարը, ինչն էլ արդեն ձեռնտու կլինի գործարարին: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, գյուղերում հաշվառվում են անասնագլխաքանակն ու հավաքվող կաթի պաշարը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728