Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ին հորդորեց`«յան տվեք», Հովիկ Աբրահամյանն էլ խոստովանեց` ինքն է դեմ այս պահին «Նաիրիտի» հանձնաժողովին

Փետրվար 25,2014 17:08

ԱԺ նիստում այսօր արտահերթ  կարգով լսեց Դաշնակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Ի դեպ, հարցի քննարկման ընթացքում խորհրդարանի դարպասների մետ նաիրիտցիները ցույց էին անում:

Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ հրապարակումները՝ խնդրի վերաբերյալ, խոսում են այն մասին, որ գործարանին կանխամտածված են տանում դեպի սնանկացում, ինչը Հայաստանի տնտեսության դեմ ուղղված մարտահրավեր է: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործարանի գործունեության վրա, որևէ ձևով հնարավոր չէ պարզել, որովհետև քրեական գործերը այս հարցով մերժվել են, և մութ պատմություններ են մնացել, գործարանը կուտակել է պարտքեր, իսկ 3000 աշխատակիցներն էլ հայտնվել են գործազուրկների կարգավիճակում»,- ասաց Արծվիկ Մինասյանը : Պատգամավորը նշեց, որ կառավարությունը չի կարողանում պատասխանել պարզ հարցի, թե ի՞նչ է նախատեսվում «Նաիրիտի» համար, արդյոք կվերագործարկվի՞ գործարանը: «Պատասխան չկա, մենք նաև տեսնում ենք տեղեկատվական կեղծ գրոհ կապված գործարանի հետ, իբր թե «Նաիրիտի» հարցով մտահոգված որոշ պաշտոնատար անձինք ջանքեր են գործադրում, որ Նաիրիտը վերագործարկվի, այնինչ հենց այդ մարդիկ են Նաիրիտի այսօրվա վիճակի մեղավորը»:

Ըստ պատգամավորի, գործընթացները տանում են դեպի կանխամտածված սնանկացում, ինչը նշանակում է, որ Նաիրիտի օբյեկտիվ վերագործարկման կամ փրկության համար հիմքեր չկան: Ահա թե ինչու է շատ կարևոր համարում, որ այս հարցերի լուծման ուղղությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի:
Տնտեսական հարցերի հանձնաժողովը երկու անգամ արդեն քննարկել է «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Առաջին անգամ դրական եզրակացություն է տրվել`ընդգրկելով այն մեծ օրակարգում, քանի որ գտել են, որ հարցը հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, մանավանդ, որ խնդիրներ կան էլ: Բայց քառօրյայի օրակարգում հրատապ ընդունելու մասին քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն էլ տվել`պատճառաբանելով, որ բանակցային փուլ է, այն ավարտվի, հետո: Այդ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գտնում էր ու այսօր էլ լիագումար նիստերում պատգամավորների հարցուպատասխանին  հետեւելով ավելի համոզվեց, որ քաղաքական շահարկում է գնում, քանի որ «թալան», «վատնում» եւ համանման տերմիններ են հնչում: «Ինչ եղել է`արձանագրված է: Եկեք դիմենք քննչական մարմիններին: Միանգամից դատական ֆունկցիա էլ եք ստանձնում: Հանձնաժողովը քաղաքական գնահատական պետք է տա»,-ասաց նա:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց, որ «Նաիրիտի» գործով մեկ անգամ հայց եղել է, որը կարճվել է «անհայտ պատճառներով» ու հարցրեց`պատրա՞ստ եք կրկին դիմել իրավապահներին: Հիշեցնենք, որ այս հարցով մեծ սկանդալ սկսեց նախկինում ՀՌԱԿ ախագահ Հարություն Առաքելյանը`կոնկրետ փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնելով`մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանի`գործարանը նպատակաուղղված սնանկացման տանելու մեջ: Արդյունքում, Հարություն Առաքելյանն արտագաղթեց Հայաստանից:
Ընդհանուր առմամբ`Վարդան Այվազյան-ՀՅԴ-ական պատգամավորներ բանավեճը, որ տեղի էր ունեցել անցած շաբաթ`հանձնաժողովի նիստում , այսօր, լիագումար նիստի ժամանակ շարունակվեց: Ավելին, Արծվիկ Մինասյանը մեղադրեց Վարդան Այվազյանին`հանձնաժողովում տեղի ունեցածը գլխիվայր շուռ տալու եւ հակառակը ներկայացնելու համար: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հենց ՀՀԿ-ական մեծամասնությունը ներկայացնող Վարդան Այվազյանն է քաղաքական շահարկումներով զբաղված: Վարդան Այվազյանն էլ իր հերթին ՀՅԴ-ին հիշեցրեց կոալիցիոն անցյալը`երբ բոլոր հարցերում կիսում էին իրենց կարծիքը ու ակնարկեց դրա դիմաց ստացած փոխհատուցումների մասին ու հորդորեց. «Խոսալուց էլ շունչ քաշեք»:
«Փաստորեն, որտեղ փորենք՝ մի ցեխ գտնվում է, բայց արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց ընդդիմությանը կասկածամտության, պարանոյայի հասնող ինչ-որ բաների մեջ: Էնքան անկեղծ էր խոսում՝ լացս եկավ: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ գործու ունեմ հրեշտակների, քերովբեների հետ… եւ սա ասում է մի կառավարությւոն, որի օրոք վարչապետը խառնված է օֆշորային սկանդալի մեջ, որի հանգուցալուծումը մեկ տարի է չի երեւում, մի կառավարությւոն, որի գործունեությունն ըստ ՀԲ-ի թաղված է կոռուպցիոն մեծ գործարքների մեջ…Ո'չ, դուք քերովբեների իշխանություն չեք, դուք քերոբների իշխանություն եք»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ այս ամենի համար պատասխան է տրվելու:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նեղսրտեց, որ իրենք ընդառաջ են գնում ՀՀԿ-ին`«գազի հանձնաժողովում» աշխատելու, բայց ՀՀԿ-ն համարժեք կեցվածք չի ցուցաբերում այս հանձնաժողովի հարցում: Նա գտնում է, որ այս հարցը ոչ պակաս կարեւոր է: Նույնիսկ հորդորեց այդ հնարավորությունները տալ ՀՅԴ խմբակցությանը, որը կներկայացնի բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք այսօր պահանջում էին մեծամասնության ներկայացուցիչները: «Ինչի՞ եք թաքնվում ձեր մատի ետեւը»,- հարցրեց բանախոսը:
«40 միլիոն դոլոր է գնահատվել Նաիրիտը: Եթե Տիգրան Սարգսյանը մեկ տարի վարդ ցանի էնտեղ, այդ գումարը կհանի»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Դահլիճից հնչեց`վարդ չի, պոմիդոր-վարունգ է: «Հա, թող կեսն էլ պոմիդոր-վարունգ լինի»,-ասաց Արամ Մանուկյանը`մանրամասնորեն նկարագրելով Տիգրան Սարգսյանի կառավարության այս եւ այլ մեղքերը`մեջբերելով Սերժ Սարգսյանին. «Հայաստանի ունեցած-չունեցածը սղղացում եք ուրիշների վրա՞»: Արամ Մանուկյանի արտահայտությունը`«ձեր նախագահ» դուր չեկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «մեր ու ձեր նախագահ չկա: Կա մեկ նախագահ`ՀՀ նախագահ»:

«Սիրելի մեծամասնություն, յան տվեք: ՀՅԴ-ին քաղաքական շահարկումը չի կպնելու»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը`նկատելով, որ ընդամենը կես ժամ առաջ ԱԺ նախագահի ելույթը`«գազի հանձնաժողովի» առիթով, իրեն հուսադրել է, բայց հիմա համոզվեց, որ քաղաքական մեծամասնությունը հակառակ կեցվածքն է դրսեւորելու:
Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հակադարձելով Արտաշես Գեղամյանին, մանրամասն ներկայացրեց ՀՀՇ-ի իշխանության տարիներին «Նաիրիտի» փակման եւ վերաբացման պատմությունը`նկատելով, որ փակելու հրամանը ստորագրված է Վազգեն Մանուկյանի կողմից, ով հիմա նախագահի հետ է աշխատում: «Մենք ստեղ տեսնում ենք վարչապետի եղբորը, մյուս եղբորը`Չինաստանում, վարչապետի սանիկը դառնում է ֆինանսների նախարար, նրա կինը դառնում է….ամոթ ա, լսեք, վերջ տվեք այս ամենին: Ինն անգամ Վանաձորի քիմկոմբինատ եք բացել, որից չորսը`վարչապետը: Ես չեմ հավատում ձեր ներդրումների ծրագրին: Ոչ միայն կասկածում ենք, այլ ձեզ չենք վստահում: Մարդն ավերում ա, ոնց որ ուզում ա: Արդարացնելը ձեր պրոբլեմն ա, ես չեմ ուզում իրան արդարացնել»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին վրդովվեցրեց, որ մեծամասնության ներկայացուցիչները կիրառում են քաղաքական շահարկումներ տերմինը, մինչդեռ հենց իրենք են դրանով զբաղված:

«Ե'ս եմ դեմ եղել, որ հարցը մտնի քառօրյա»,- իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`պատճառաբանելով, որ ընդդիմությունը ոչ թե ցանկանում է աշխատել քաղաքական մեծամասնության հետ, այլ պիտակավորել. «Մենք չենք կարող մի քանի հանձնաժողով ստեղծել ու ԱԺ-ի գործունեությունը խաթարել: Ես տալիս եմ խոստում, որ ստեղծելու եմ հնարավորություն`մինչեւ աշուն այս հարցին անդրադառնալ»: Հովիկ Աբրահամյանը նաեւ հորդորեց ամեն վայրկյան վարչապետին այս ամբիոնից չփնովել:
«Եթե կառավարությունը ցանկանար սնանկացնել «Նաիրիտը», ապա երեք-չորս տարի առաջ սնանկացման խնդիրները կային, այդ ժամանակ կաներ, եթե կառավարությունն ուզենար սնանկացնել, ապա ժողովրդին այսքան տարի չէր պահի, ավելի հեշտ կլիներ, սահմանված կարգով, երկու ամսվա աշխատավարձը տալ և աշխատանքից հանել, քան թե այսքան ձգել»,- իր ելույթում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Շարունակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ այդ ամենն արել են ոչ թե նրա համար, որ «Նաիրիտի» ամենամեծ արժեքը սարքավորումներն են, այլ նրա համար, որ այնտեղ կա մասնագիտական դպրոց: Անդրադառնալով պատգամավորների ելույթներին՝ նախարարը նկատեց, որ նրանք գնահատական էին տալիս. «Այնպիսի տպավորություն էր, որ հանձնաժողովն իր հաշվետվությունն է տալիս արդեն, ոչ թե հարցեր էին հնչում, որոնք պետք է ուսումնասիրի հանձնաժողովը»: Արմեն Մովսիսյանն ասաց, որ ներկայում «Ռոսնեֆտ» ընկերության հետ մեծ ծրագիր է իրականանում, հետևաբար. «Ես գտնում եմ, որ այս պահին ճիշտ չէ որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել այս աշխատանքները խանգարել: Վերջապես, գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- ասաց նախարարը: Նրա խոսքը կիսատ մնաց`ժամանակը սպառվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728