Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Հայհոյելը ամենավատ բանը չէ, որ կատարվում է այս երկրում»

Փետրվար 25,2014 16:14

Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան փոխադարձ վիրավորանքների թեման այս օրերին ուկրաինական զարգացումներից հետո ամենաքննարկվող հարցերից է դարձել: Հիշեցնենք, որ հակադարձելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` ԱԺ ոչ իշխանական ուժերի հասցեին հնչեցրած «Ղալլաթ են անում» արտահայտությանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել էր «Ղալլաթ ես անում, չաթլախ» :

Երևույթը երկուստեք քննադատելի է, բայց հարց է, թե որտե՞ղ պետք է փնտրել այս իրավիճակի ակունքները:

Aravot.am-ն այս թեմաների շուրջ զրուցեց դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: Նրա համար նորություն չէր մեր քաղաքական վերնախավի այս մակարդակը: Այս առիթով դերասանը նշեց. «Միշտ էլ այդ մակարդակին են եղել էլի, տասը տարի առաջ ի՞նչ էր: Ուղղակի այն ժամանակ Youtube չկար,  չէինք տեսնում»: Մեր հարցին`պաշտոնյաների փոխադարձ վիրավորանքներն ի՞նչ են հիշեցնում, դերասանը պատասխանեց. «Սա փողոց է հիշեցնում, մեր կյանքն ու առօրյան»:

Հաճախ կարելի է լսել այն արտահայտությունը, թե հասարակություն արժանի է գոյություն ունեցող իշխանությանն ու քաղաքական գործիչներին: Մեր հարցին` հայ հասարակությունն արդյոք ա՞յս որակի քաղաքական գործիչների է արժանի, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Իհարկե, արժանի է, բա այդ իշխանությունը չէ՞, որ հասարակությանը հինգ հազարով առնում դառնում է իշխանություն, կամ այն հասարակությունը, որ  նույն այդ իշխանությունը  իրենց խանութները բացում են, լափելիք են դնում, հասարակությունն իրար հրմշտելով գնում ուտում է, հետո էլ նրանք այդ իշխանւթյանը ընտրում են: Այդքանից հետո ի՞նչ են ուզում, ի՞նչ պիտի լիներ: Իրենց համար դա նորմալ է»:

Դերասանի կարծիքով` այլ բան է, թե դա ում է դուր գալիս, ում` ոչ: Սերգեյ Դանիելյանի գնահատականը կատարվածին բացասական է. «Իմ գնահատականն այն է, որ փողոցային էին, փողոցային էլ մնացին: Դա մեր իշխանությունն  է դեռ 1990-ականերից, այդ իշխանությունը Մարսից չի եկել: Նրանք հայ ընտանիքներից դուրս եկած, հայ մարդիկ են, մեր լավագույն սերուցքն է, մեր քաղաքական էլիտան…ռաբիս լսելը զարմանալի չէ, որ քաղաքական գործիչներն իրենց նման կերպ, փողոցայինի պես են պահում, դա զարմանալի՞ է: Զարմանալի կլիներ, որ ժողովուրդը բոսյակ, բայց իշխանությունը նստած Մոցարտ է լսում: Կզարմանայի, եթե նման մարդիկ նստած չլինեին իշխանությունում, բայց մենք լինեինք այդքան վատը, որքան  կանք»:  Երևույթի դեմ պայքարելու ճանապարհ պարոն Դանիելյանը համարում է հետևյալը. «Պետք է հասարակությունում ավելանան մարդիկ, ում դուրը դա չի գալիս:  Եթե սկսեն պայքարել, ապա  տասը հոգի մարդ է լինելու, որոնց տանելու են ծեծեն ու փչացնեն, հիմա նորմալ է, այդպես օրգանական  ապրեք»: Մեր այն դիտարկմանը, թե հայհոյելը` այն էլ խորհրդարանում, նորմա՞լ է, դերասանն այսպես արձագանքեց. «Հայհոյելը ամենավատ բանը չէ, որ կատարվում է այս երկրում: Շատ նորմալ, գրագետ մարդիկ կան, որոնք  հայհոյում են:  Մի ընդհանուր մթնոլորտ կա, որը պետք է, որ մեր դուրը չգար: Այնպես էր, եթե ոչինչ չի փոխվում, ուրեմն նորմալ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728