Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքով ՀՀ-ի արտաքին պարտքն են փակելու (Տեսանյութ)

Փետրվար 25,2014 15:56

«Քոչարյան Ռոբերտի ամբողջ ունեցվածքով, որը գողացված է, փակելու ենք Հայաստանի արտաքին պարտքը: Նոր Հայաստան է լինելու, նախկին ռեժիմով չի լինելու, կհավաքվեք` կտեսնեք»,-այսօր «Նոյյան Տապան» ակումբում մարտի 1-ին կազմակերպվող հանրահավաքի զարգացումների մասին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նշենք, որ  մարտի 1-ին Սարյանի պուրակում ազատամարտիկները հանրահավաք են կազմակերպելու եւ կոչ են անում բոլոր ազատամարտիկներին եւ ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ հավաքին:

«Ժամանակն է Սերժ Սարգսյանին իր հրոսակախմբով ճանապարհ դնելու, մարտի 1-ին կոչ ենք անում բոլորին լինել տեղում»,-ասաց Սուրեն Սարգսյանը: Aravot.am-ի այն հարցին, թե մարտի 1-ին իշխանափոխության կամ հեղափոխությա՞ն եք պատրաստվում, կամ գուցե շարժվելու եք նախագահի նստավայր, քանի որ նշեցիք թե Սերժ Սարգսյանին ճանապարհ դնելու ժամանակն է, ազատամարտիկը իրենց գործողությունները չմանրամասնեց, միայն ասաց ` «Տեղում կլինեք` կիմանաք: Ռազմավարական որեւէ բան չենք բացելու»:

Նշենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում նաեւ ՀԱԿ-ը: Հարցին, թե հնարավո՞ր է միանաք ՀԱԿ-ի հանրահավաքին, Սուրեն Սարգսյանն ասաց` «Մարտի 1-ը ՀԱԿ-ինը չէ, ոչ էլ ՊԱԿ-ինն է, այդ օրը հանրահավաք կարող էր հավաքել, չգիտեմ` Սողոմոն Թեհլերյանը: Այսինքն քաղաքապետարանը կարող էր թույլտվություն տալ որեւէ մեկին: Բայց, բառացի կարելի է ասել, այո, կլինենք, քանի որ այնտեղ ժողովուրդն է լինելու, այնտեղ ՀԱԿ-ը մեզ չի հետաքրքրում»:

Հարցին էլ, թե՝ ի՞նչ արդյունք եղավ տարբեր քաղաքական կուսակցությունների հետ ազատամարտիկների կլոր սեղանի շուրջ հանդիպումներից, Սուրեն Սարգսյանն ասաց. «Բոլոր քաղաքական ուժերը, ում հետ հանդիպեցինք, բոլորը միանշանակ վատ են տեսնում երկրի իրավիճակը, բայց թե` ինչպե՞ս են իրենց խոսքից գործի անցնելու… այդ օրը մենք մարտի 1-ենք նշանակել, ժողովրդին թող գնա հասնի, ով կլինի տեղում, ուրեմն սրտացավ է, ով չի լինի` մտածեք ինքներդ, հետեւություններն ինքներդ արեք. կապ չունի Բարգավաճ կլինի, լալահառաչ կլինի, էական տարբերություն չկա: Մարդիկ հավերժ խոսում են իշխանությունների ապօրինություններից, բարի եղեք մեկ օր հավաքվեք ազգովի եւ առանց ցնցումների, առանց տեղից շարժվելու այս տխրահռչակներին ճամփա դնելու»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՀԱԲ-ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը վստահեցրեց, որ մարտի 1-ի իրենց կազմակերպած հանրահավաքի օրը արյունահեղություն թույլ չեն տա:

Մանրամասն`տեսանյութում

Սուրեն Սարգսյանն էլ ասաց, որ տեղում կորոշեն իրենց քայլերը, բայց նաեւ հավաստիացրեց, որ Ուկրաինայի նման բռնություն, զենքի կիրառում, կոշտ գործողություններ մեզ մոտ չեն լինելու: Մի փոքր հետո Սուրեն Սարգսյանը կարծես թե իր ասածին հակասեց, ասելով` «Հանկարծ Հայաստանի իշխանությունները փորձեն մի սխալ քայլ անել, մեկին` տասնապատիկ արժանի պատասխան կստանան, եթե ժողովուրդը որոշի, որ այս իշխանությունները պետք է լքեն»:

Ասուլիսի մասնակից, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն էլ հորդորեց բոլոր ազատամարտիկներին մասնակցել մարտի 1-ի հավաքին: Տիկին Սուսաննայի կոչը`  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728