Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչությունը կմտածի «ղալաթի» ուղղությամբ

Փետրվար 25,2014 15:48

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված «ղալաթի» արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր: Պարոն Ռուստամյանն ավելի ուշ, հղում անելով Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանին, իր օգտագործած ոչ «խորհրդարանական» բառի «անմեղ» ստուգաբանություն էր գտել:

Թեման քննարկվել էր սոցցանցերում, այդ թվում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան գրառման տակ, որտեղ նախարարը Արմեն Ռուստամյանին կոչ էր արել ներողություն խնդրել:
Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, նշեց, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով, պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: «Ուղղակի երբեւէ այդ նորմը չի կիրարկվել, որ նշվի, թե ո՞ր դեպքում դա պետք է համարել լեզվի կոպտագույն խախտում»,-ասաց պարոն Երիցյանը:

Լեզվի տեսչության պետը հավելում է՝ համաշխարհային պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների պառլամենտներում էլ են օրենսդիրները կամ պառլամենտում ներկա գործադիր մարմնի ներկայացուցիչները երբեմն անվայելուչ արտահայտվում: «Ինչ վերաբերվում է հայաստանյան իրականությանը, վերջին դեպքերից հետո մտածում եմ, որ կիրարկման կարգը պետք է առաջ տանել, եւ հստակեցնել, թե ո՞ր ելույթի , հարցուպատասխանի եւ այլնի ժամանակ ինչը պետք է համարվի լեզվի կոպտագույն խախտում»,-համոզված է Սերգո Երիցյանը:

Նա ասում է, որ մինչ վերջերս նախադեպ չէր եղել որեւէ պաշտոնատարի հետ կապված, դրա համար էլ չէին հստակեցվել չափանիշներն ու չափորոշիչները.
«Այժմ մտածում ենք կիրարկման կարգերի մասին, որովհետեւ, եթե դրանք չլինեն, չենք կարող գործել օրենսդրական դաշտում: Իսկ վերջին զարգացումները հիմք են տալիս այդ մասին մտածել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armenianow.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728