Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը խոստանում է պատժել «գազի գործով» մեղավորներին

Փետրվար 25,2014 14:43

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետամուտ է լինելու, որպեսզի խորհրդարանում ձևավորվելիք գազի հանձնաժողովն արդյունավետ գործունեություն ծավալի և գտնի հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները, իսկ մեղավորները կրեն արժանի պատիժներ: Այդ մասին այսօր նա հայտարարեց խորհրդարանում, գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ, իր արտահերթ ելույթում: «Ես ստեղծելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի հանձնաժողովն ամբողջ լարվածությամբ աշխատի և փորձի վեր հանել խնդիրները և ապօրինությունները, եթե այդպիսիք կան»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ապա շարունակեց .«Մենք կուսակցությունում քննարկեցինք, առաջարկեցինք հանրապետության նախագահին, որպեսզի մենք ինքներս առաջարկենք հանձնաժողով ստեղծել ավելի լայն լիազորություններով: Եթե նկատում եք՝ ձեր առաջարկած բոլոր հարցերն ընդգրկված են մեր առաջարկած որոշման նախագծում, և կան նաև տարբեր հարցեր, որոնք մենք ենք առաջարկել, որ դառնան հանձնաժողովի ուսումնասիրության հարց»: Անդրադառնալով հարցի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի կողմից հնչող քննադատություններին՝ մասնավորաբար, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե մեծամասնության ներկայացրած նախագիծը «թաղում է ճշմարտությունը», Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մեծամասնությունը ոչինչ չի պատրաստվում թաղել և թաքցնել, քանի որ դրա մասնագետը չէ. «Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի բացահայտենք խախտման դեպքերը: Եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը և խախտումներ են թույլ տվել, պետք է պատասխան տան: Եվ հանձնաժողովն իր առաջ նպատակ պետք է դնի նման դեպքերը բացահայտելը: Չեմ հասկանում դուք ինչու եք վարկաբեկում դեռևս չստեղծված հանձնաժողովի աշխատանքը»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք իրենց որոշումների մեջ ազատ են, և եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ կան մարդիկ, ովքեր խախտումներ են թույլ տվել, անպայման կպատժվեն:

«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը տեղյակ լինեն և հասկանան, որ մենք որևէ բան թաքցնելու նպատակ չունենք, չկա նման բան»,- նշեց նա: Անդրադառնալով գործունեության ժամկետներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ի սկզբանե իրենք որպես ժամկետ որոշել են նոյեմբերի 8-ը, որպեսզի հնարավորություն ունենան ուսումնասիրել բոլոր հարցերը, սակայն նշեց, որ կարող են համաձայնել նաև ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, գործունեության ժամկետ սահմանել մայիս կամ հունիս ամիսները: Անդրադառնալով հանձնաժողովի դռնփակ նիստեր անցկացնելու գաղափարին՝ բանախոսն ասաց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, դեմ է, որպեսզի որոշ մարդիկ գան հանձնաժողովի նիստերին դեմագոգիայով զբաղվելու համար, մանավանդ, որ այդ մարդիկ բազմաթիվ հնարավորություններ ունեն տեսախցիկների և ձայնագրիչների առջև դեմագոգիայով զբաղվելու համար: «Այս հանձնաժողովը Ազգային ժողովի համար պետք է լուրջ լծակ լինի, որպեսզի հայտնաբերվեն բոլոր ապօրինությունները, եթե կան այդպիսիք և ներկայացնել մեր հանրությանը: Եվ ես ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք ապագայում նման հանձնաժողովներ շատ ենք ունենալու: Այն հարցերը, որոնք այսօր արդիական են և մտահոգում են հանրության լայն շերտերին, մենք պարտավոր ենք վեր հանել դրանք, ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728