Այսօր Երևանի հյուրանոցներից մեկում լրագրողների հետ հանդիպման բանախոսներն էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Նենսի Վանհորնը, ինը պարաօլիմպիական խաղերի մասնակից Քենդըս Քեյբլը, «ՆՓԱԿ» նորարական փորձառական արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արփա Հակոբյանը և «Արինա Արարատյան» պարի թատրոնի տնօրեն, պարուսույց Արինա Արարատյանը: Հանդիպումը նվիրված էր «Կյանք առանց սահմանների» արշավի շրջանակում ԱՄՆ դեսպանատան կողմից փետրվար ամսվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներին:
Պրն Հեֆերն ներկայացրեց բանախոսներին և ասաց, որ նրանցից յուրաքանչյուրն ունի տարբեր մասնագիտացումներ, բայց այսօր նրանք «կանգնած են միևնույն անձրևանոցի տակ»: «Պարաօլիմպիական խաղերը սպորտային միջոցառում է, և շատերնը սիրում են սպորտը: Պարաօլիմպիական խաղերի առանձնահատկությունը մասնակիցների պատմությունն է, այն մարդկանց, որոնք հաղթահարում են բազում մարտահրավերներ օլիմպիադային մասնակցելու համար»,- ասաց դեսպանը: Նա նաև նշեց, որ Միջոցառումների շրջանակի մեջ է մտնում նաև հանդիպումը Մհեր Ավանեսյանի հետ, որն այս տարի Սոչիում մասնակցելու է պարաօլիմպիական խաղերին:
Այնուհետև պարաօլիմպիական խաղերի չեմպիոնուհի Քենդըս Քեյբլը պատմեց իր պատմությունը: 21 տարեկանում նա դժբախտ պատահարի հետևանքով (վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել) հաշմանդամ է դարձել: Եվ այդ ժամանակ առաջին անգամ նա հաշմանդամների է տեսել: Սակայն չի հուսահատվել, շարունակել է աշխատել և դարձել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: «Սպորտը բոլորի համար չէ, բայց այն ներառման համար լավ հնարավորություններ է տալիս: Հաշմանդամությունը ուղղակի կյանքի փորձառություն է և կարող է ցանկացածի հետ պատահել»,- ասաց Քենդըս Քեյբլը: Նա նաև նշեց, որ մինչ ասուլիսը գնացել են Երևանի թիվ 100 դպրոց:
«ՆՓԱԿ» նորարական փորձառական արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արփա Հակոբյանն ասաց, որ այսօր կբացվի «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ նկարիչների, այդ թվում հաշմանդամություն ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Նա նշեց, որ մասնակցել են 29 արվեստագետներ:
«Արինա Արարատյան» պարի թատրոնի տնօրեն, պարուսույց Արինա Արարատյանն էլ խոսեց փետրվարի 26-ի «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման մասին, որը բեմադրվելու է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բեմականացման մեջ կողք կողքի հանդես են գալու պրոֆեսիոնալ պարողներն ու սիրողական պարի հաշմանդամ վարպետները: «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման նպատակն է ցույց տալ, որ արվեստը բոլորի համար է: Եվ դուք 2 րոպեից կմոռանաք, որ նրանք հաշմանդամեր են, և կվայելեք ներկայացումը»,- ասաց տիկին Արարատյանը:
Կարդացեք նաև
Քենդըս Քեյբլն այս առիթով ասաց. «Սպորտն ու արվեստը այն ոլորտներն են, որտեղ սահմանափակումներ չկան»: Նա նաև կոչ արեց լուսաբանել պարաօլիմպիական խաղերը: Նա ասաց, որ ԱՄՆ-ն առաջին անգամ է լուսաբանելու խաղերը և կատակեց, որ Հայաստանն այդքան էլ հետ չէ Միացյալ Նահանգներից:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ