Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների հայտարարարությունը՝ Մարտի 1-ի կապակցությամբ

Փետրվար 25,2014 14:14

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ին Սարյանի պուրակում ազատամարտիկներով հանրահավաքի են պատրաստվում եւ կոչ արեց քաղաքացիներին մասնակցել այդ հանրահավաքին: Ապա Սուրեն Սարգսյանը ընթերցեց եկավ ազատամարտիկների ընդլայնված խորհրդի նիստի կոչը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայտարարություն

Հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի եւ ավազակների ձեռքերում։ Յուրաքանչյուր իշխանություն իր նախորդից ավելի ագահ է, կեղեքող ու թալանչի։ Հայաստանի ողջ ունեցվածքը գրեթե իսպառ օտարվել է։ Հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը։ Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ. եկեղեցիները եվրավերանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի օտարացվում, խեղաթյուրվում է ամենը, ինչը հայկական է ու ավանդական, իսկ պատերազմի հաղթանակի տարիները ներկայացվում են որպես մթի ու խավարի տարիներ։

Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ. վերջին ցայտուն օրինակը Երկրապահ կամավորակաների միության օտարումն էր հայ ժողովրդից` տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ։ ԵԿՄ համագումարում այլեւս իրենց պատվավոր տեղերն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ։ Այդ օրը երկրի իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին։ Մենք Արցախյան ազատամարտի մասնակիցներս, հայտարարում ենք ազատամարտիկների համահավաքի անհրաժեշտության մասին եւ կոչ ենք անում մեր բոլոր մարտական ընկերներին մարտի 1-ին, ժամը 13:00ին հավաքվել Սարյանի պուրակում, որպեսզի միասին մեր հայրենիքի անկախության համար պայքարած տղերքով, որոշենք մեր անելիքը՝ մեր երկրի ապագայի հետ կապված։

Քանի որ մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական այն օրերից է, երբ իշխանությունների ձեռամբ զոհվեցին տասը անմեղ քաղաքացիներ և բռնազավթվեց Հայաստանի իշխանությունը, մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Կոչ ենք անում նաեւ մինչ այս իշխանության հանցավոր գործունեությունը քննադատող տարբեր ուժերին կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին վերջապես խոսքից գործի անցնել, ցուցադրել համաժողովրդական միասնություն եւ դուրս գալ հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728