«ՀՅԴ-ն այս հարցը հետապնդել է դեռ 2010 թվականից: Մենք շոուի խնդիր չունենք, մեզ դրանում չի կարելի մեղադրել: Մեր հիմանական խնդիրը հարց լուծելն է, եւ մենք չենք խուսափում մտնել այդպիսի գործընթացի մեջ, եթե հարթակ կա»,- այսօր, գազի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա չի հերքում, որ նման ընկալում կա, թե հանձնաժողովները հարցը կոծկելու համար են, բայց «եթե այդպես մտածենք, մենք էլ չպիտի նախաձեռնենք, ԱԺ-ի զինանոցից պիտի դա իբրեւ գործիք հանենք»: ՀՅԴ-ի համար ամենակարեւորը ընդդիմության եւ իշխանության հակակշռելի վիճակն է հանձնաժողովում: «Ոչ ոք մեզ չի խանգարում մեր աշխատանքները տանենք հնարավորինս լիարժեք, ոլորտում առչվող խնդիրների ավելի խորը ուսումնասիրություն կատարել, օգտագործել այս լծակը: Ոչ ոք չի կարող մեր բերանը փակել, եթե տեսնենք, որ վերջնական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը: Նման պրակտիկա կա`«մարտի մեկի» հանձնաժողովը, որին որոշ ուժեր չմասնակցեցին`ասելով, թե ծածկադմփոց է, բայց մենք մտանք, ԵԽԽՎ բանաձեւերում մեր հատուկ կարծիքը ներառվեց: Եթե նպատակային աշխատում ես, այն ապարդյուն չի լինում»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
ՀՅԴ-ի համար կարեւոր է սակագնի գոյացման հարցը:
Բանախոսն ասաց նաեւ, որ անկախ գտնվելու դաշտից ՀՅԴ-ն կարեւորում է պետական մարմինների`սահմանադրական լիազորությունների կիրառմամբ դեմքն ու դիրքը վերադարձնելը, մանավանդ, որ գազային պայմանագրերը կնքվեցին խորհրդարանը շրջանցելով`հողին հավասարեցնելով նրա դեմքը: Գազային հանձնաժողովը ՀՅԴ-ն համարում է այդ առիթը ու չի պատրաստվում այն բաց թողնել: Բացի այդ, պետական ռազմավարությունը պահանջում է, որ խորհրդարանը տեղյակ լինի, թե ինչեր է պատրաստվում անել ռուսական կողմը, մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, ու ՀՅԴ-ն այդ առիթը բաց չի թողնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գազի հարցը լուծելու լավագույն տարբերակը իշխանության հետ չհամագործակցելն է: Այն ինչ անում է ՀՅԴ: Վահան Հովհաննիսյանին ասեք` կբացատրի…