Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը քննարկել է Օհանավան եւ Կարբի գյուղերի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը

Փետրվար 25,2014 13:28

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
Ա. Անդրեասյանը տեղեկացրել է, որ էներգետիկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արզնի-Շամիրամի դոտացիոն ջրանցքի վրա, եւ այն այգիների տարածքն սպասարկող «Քասախ» ՋՕԸ-ի կողմից ոռոգման նպատակով վերցվող ջրի հետ կապ չունի: Ծրագրի իրականացմանը համաձայնություն է տրվել միայն այն պայմանով, որ ՀԷԿ-ը պետք է գործի բացառապես ոռոգման ռեժիմով եւ անխափան ոռոգման ապահովման առումով որեւէ դժվարություն չառաջացնի: Բացի այդ, ծրագրի իրականացումը ենթադրում է , որ շահագործումից ի վեր չվերանորոգված ոռոգման արագահոս համակարգը կփոխարինվի փակ համակարգով, ինչը կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը: Ա. Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախագծային բոլոր լուծումները համաձայնեցվում են համապատասխան կառույցների հետ` հիմքում ունենալով ոռոգման շրջանում ջուրն առաջնահերթ ոռոգմանն ուղղելու պահանջը:

Արագածոտնի մարզպետը տեղեկացրել է, որ հողօգտագործման եւ շինարարական աշխատանքների փաստաթղթերը ձեւակերպված են այնպես, որպեսզի համապատասխան աշխատանքներն ավարտվեն մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, եւ գյուղացիական տնտեսությունների համար դժվարություններ ու նոր խնդիրներ չառաջանան:

Փոխվարչապետը մարզպետին առաջարկել է անձամբ հանդիպել համայնքների բնակիչների հետ, տեղում քննարկել բարձրացված խնդիրները եւ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել:

Արձանագրվել է, որ չեն կարող իրականացվել այնպիսի ծրագրեր, որոնք թեկուզ նվազագույն վնաս կհասցնեն գյուղացիական տնտեսություններին: Կառավարությունը ներկայումս քննարկում է նույն այդ տարածքում նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու հարցը` նախորդ տարիներին գրանցված կարկտահարությունից բերքը պաշտպանելու համար, հետեւաբար` այդ համայնքներում ոռոգման ջրի ապահովման եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից որեւէ դժվարություն չի կարող ստեղծվել:
Խնդրի հետ կապված զարգացումները կգտնվեն Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728