Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ ցավոտ լինի, երբեք համեմատություններ մի արեք»

Փետրվար 25,2014 14:45

ՀՀԿ-ական պատգամավորը` «ընդդիմադիր սրացումների» մասին

«Այն, որ մեր որոշ գործընկերներ ոգեւորվել են, դա նաեւ ընթացիկ քառօրյայի առաջին իսկ վայրկյաններին ակնհայտ դարձավ: Ես համարում եմ սնանկ եւ ոչ գործունակ, մեղմ բառ ընտրեմ` հաշվի առնելով նաեւ խորհրդարանի այսօրվա բառապաշարը, 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերը, որոնց արդյունքում տասը զոհ ունեցանք, որ մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ այսօր փորձում են օրակարգում պահել: Ավելին՝ իրենց օրակարգը դրանով ձեւավորել: Ես խորհուրդ կտայի, որ անցած հինգ-վեց տարիներն առավել արդյունավետ օգտագործեին եւ չփորձեին տեսնել, թե աշխարհում ինչ թեժ իրավիճակներ կան, ու դրանք բերեին-կապեին մարտյան դեպքերի հետ»,- «Առավոտի» դիտարկմանն այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Բանն այն է, որ ուկրաինական իրադարձությունները հայաստանյան ընդդիմադիրներին բավականին ոգեւորել են: Առաջիկա շաբաթ օրը` մարտի մեկին, նախատեսված է ՀԱԿ-ի ավանդական հանրահավաքը, որին հավանաբար կմասնակցեն նաեւ խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչներ:

ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվել էինք` հավանական համարո՞ւմ է, որ ոգեւորությունն այն աստիճանի հասնի, որ ուկրաինական իրադարձությունների, պատկերավոր ասած, հայաստանյան անդրադարձի ականատեսը դառնանք, եւ առաջիկա հանրահավաքը դառնա ՀՀԿ-ի իշխանության վերջի սկիզբը: Հիշեցնենք, որ երեկ ուկրաինական իրադարձությունների մասին խորհրդարանում հիշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Զուրաբյանը, բնականաբար, հեց դահլիճում ՀՀԿ-ականներից արժանի հակահարված ստացավ:
«Սրացումները», ըստ Հովհաննես Սահակյանի, ընդդիմադիր գործընկերների մոտ նկատվում են հատկապես խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովների ձեւավորման տեսքով. «Եթե այդ նախաձեռնություններին մի փոքր վերլուծական մտքով ես մոտենում` նկատելի է, թե ուր են տանում դրանք: Բայց ես պետք է հիասթափեցնեմ իմ ընդդիմադիր գործընկերներին. մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, որ բավականին ճիշտ է գնահատում նաեւ մարտյան դեպքերը, երբ որ ոգեւորված, խոստումներ տված, հավատով ժողովրդին թողեցին հրապարակում եւ իրենց տաքուկ անկողիններում քնեցին` վայրկյան անգամ չհիշելով: Հիշելիս էլ ասելով, թե ինչպես փառավորվեց հոգիները… իրենց խոսքերն եմ օգտագործում»: Մարտյան ողբերգական իրադարձությունների նախօրեին մեկ անգամ եւս ցավակցելով զոհերի ընտանիքներին` ՀՀԿ-ական պատգամավորը հայ հանրությանը հորդորում է. «Որքան էլ ցավոտ լինի, երբեք համեմատություններ մի արեք, զուգահեռներ մի անցկացրեք որեւէ երկրի հետ: Մենք ունենք մեր օրակարգը, մեր խնդիրները, մեր դարդ ու ցավը: Չէի ցանկանա նաեւ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց բոլոր խնդիրները կառուցեին այդ իրադարձությունների հիմքի վրա: Դա անողնաշար ուժի կամ գործիչների քայլ է»:

Հարցին` ուզում եք ասել, որ ՀԱԿ-ն իր PR-ո՞վ է զբաղված, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այդ որակումը մի փոքր այլ ուղղությամբ կարող է տանել զրույցը: Ես ասացի այն, ինչ որ ասացի: Ասացի, որ չունեն օրակարգ, չեն կարողանում նոր օրակարգ կառուցել: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, մանավանդ՝ աշխարհի վերաձեւավորման ֆոնին, մեր հարեւանների առկայության պարագայում, սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, չպետք է ունենանք թիկունքից խփողներ: Մեր հարգարժան ընդդիմությունը կարող էր դրանք բարձրաձայնել կառուցողական դաշտում, եւ փորձեինք համատեղ լուծումներ տալ: Մենք ընդառաջ գնացինք իրենց ցանկությանը եւ նախաձեռնեցինք գազի հանձնաժողովը: Եթե խնդիրը միայն շոուի մեջ չէ, ինչո՞ւ չեն մասնակցում: Մենք էլ իրենց նման հարցեր ունենք, որոնց պատասխանները փորձում ենք ստանալ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728