Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայում պայքարը ավելի՞ կթեժանա. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 25,2014 12:59

Անցած օրերին տեղի ունեցան մի շարք խոշոր իրադարձություններ։ Նախ, Սոչիում ավարտվեցին Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը, իսկ ֆրանսիական Նիցցայում կայացավ ֆուտբոլի Եվրո-2016-ի խմբային մրցաշարի վիճակահանությունը։

Սակայն գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան Ուկրաինայում, որտեղ ընդամենը երեք օրում մի քանի ամիս տեւած ներքաղաքական ճգնաժամն ու Մայդանի արյունոտ իրադարձություններն ավարտվեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությամբ եւ Մայդանի կամ ընդդիմության հաղթանակով։ Ամեն ինչ գլխապտույտ արագությամբ շրջվեց։ Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է, իսկ Ցանուկովիչը՝ հետախուզման։

Հայաստանում Ուկրաինայի իրադարձություններին մեծ ուշադրությամբ էին հետեւում։ Երբեմն այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանի թիվ մեկ իրադարձությունը Ուկրաինայի իրադարձություններն են։ Շատերը կարծիք էին հայտնում, որ Ուկրաինայում այս օրերին որոշվում է ոչ միայն այդ երկրի, այլ նաեւ Հայաստանի բախտը։ Հետեւաբար, Յանուկովիչի տապալումը սոցցանցերում այս օրերին մեծ խանդավառություն է առաջացրել, ուկրաինական ժողովրդին շնորհավորում են ժողովրդավարության հաղթանակի առթիվ, զուգահեռներ անցկացնում, որ այս ամենը կարող է էական ազդեցություն թողնել Հայաստանում։ Այժմ, երբ Ուկրաինայում ներքաղաքական նոր իրողություններ են, ձեւավորվում են իշխանության նոր մարմիններ, շատերի կարծիքով, ներքաղաքական իրավիճակը աստիճանաբար կթեւակոխի նորմալացման հուն։ Սակայն կա նաեւ այլ տեսակետ, որ պայքարը Ուկրաինայում կշարունակվի եւ միգուցե՝ ավելի թեժ ընթացք կստանա։

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Արման Նավասարդյանը, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը վերջին օրերի իրադարձություններից հետո չի ավարտվի եւ շարունակություն կունենա։

-Ի՞նչ դրսեւորումներ կունենա այդ շարունակությունը։

– Դժվար է ասել։ Մի բան բոլոր դեպքերում պարզ է, որ Չեխոսլովակիայի տարբերակը չաշխատեց։

– Նկատի ունեք քաղաքակիրթ բաժանո՞ւմը։

– Այո։ Ստացվում է Հարավսլավիայի տարբերակի պես մի բան։ Ֆեդերալիզմն էլ չստացվեց, որովհետեւ կարծում էին, որ ֆեդերալիզմի ճանապարհով կգնա։ Բայց փաստորեն կիսվել է։ Այն, որ Ուկրաինայի Արեւմուտքը երբեք այլեւս Արեւելքի հետ չի լինի, դժվար թե այլ կերպ լինի։ Չնայած Արեւմտյան Ուկրաինայի էլիտան այնքան էլ ոգեւորված չէր այս իրադարձություններով, որովհետեւ փող էին կորցնում, ինչպես նաեւ Արեւելքի եւ Կենտրոնի օլիգարխիան։ Նրանց համար մոնիտար կառավարությունն ավելի ձեռնտու էր։ Նրանք հավաքականության կողմնակից էին։

– Քաղաքականության մեջ եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա վերջիվերջո այն մի տեղից դուրս է գալիս։ Ուկրաինան այսօրվա իր կառուցվածքով արհեստականորեն ստեղծված մի կոնգլոմերատ էր։ Հատկապես արեւմտյան մասում այնքան խնդիրներ կան, առաջին հերթին՝ ազգային փոքրամասնությունների՝ ռումիններ, հունգարացիներ, լեհեր։ Իր ամբողջ էությամբ այն հակառուսական էր։ Արեւելյան հատվածում էլ արհեստական բաներ եղան, օրինակ, երբ Խրուշչովը Ղրիմը տվեց Ուկրաինային։ Այժմ Ռուսաստանի համար էլ են որոշակի պրոբլեմներ ստեղծվում։ Ժիրինովսկին հայտարարեց Ղրիմ դիվիզիա մտցնելու մասին։ Ինչպես ասում են. ծաղրածուն ասում է այն, ինչ թագավորն է մտածում։

Հարցազրույցը՝ Մհեր ՂԱԼԵՉՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728