Ռուսաստանի Դաշնության կողմից նախկինում զենք-զինամթերքի համար դատապարտված (90-ականներին Հայաստան ուղարկելու համար) եւ երկարատեւ ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Գագիկ Խանդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ մեկ նիստ:
Մանուկ Հովիկյանը պահանջում է ճանաչել իր ժառանգության իրավունքը Չկալովի 5 եւ Ռուստավելի 5 հասցեների նկատմամբ:
Ինչպես տեղեկացրել ենք Aravot.am-ի նախորդ հրապարակումներում , Մանուկ Հովիկյանի ընտանիքն ապրել է այդ տանը: Մանուկը 1984թ-ին մեկնել է Ռուսաստան, երբ վերադարձել է, իր հայրական տունն իրեն անհասկանալի պատճառներով չի եղել, եւ սեփականության իրավունք որեւէ գույքի նկատմամբ չի եղել:
Կարդացեք նաև
Տունը քանդել էին:
Ի դեպ, Մանուկ Հովիկյանը դատական նիստին ներկայացել էր տարեց մոր հետ՝ «կենդանի ապացույցի» հետ:
Իրավազուրկ Մ.Հովիկյանն ի վիճակի չէր եղել փաստաբան ունենալու, իսկ մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ժամանակն ու բարի ցանկությունը ճաք էին տվել:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի 19.07.2007թ.գրության, Չկալովի 54 հասցեում առկա է օրինական գույքային միավոր, որը պատկանում է Մարթա Հովիկյանին:
Դատարանը, ուսումնասիրելով Մանուկ Հովիկյանի ներկայացրած փաստաթղթերը, արձանագրել էր, որ «Դիմողի կողմից չի ներկայացվել թույլատրելի եւ վերաբերելի ապացույց, որով կհավաստվեր դիմողի այն փաստարկները, որ 1921թ.սկսած իր պապը՝ Տեր-Հովիկյան Մանուկն իր ընտանիքով ապրել է Չկալովի տվյալ հասցեում, այնուհետեւ հայրը՝ Միհրանը իր ընտանիքի հետ ապրել է այդ հասցեում դստեր՝ Ազնիվ Հովիկյանի հետ»:
Դատարանը հղում էր արել ՀՀ վճռաբեկ դատարանին, արձանագրելով, որ պետք է նշվեն նաեւ վիճելի փաստերը, որոնց վրա հիմնվելով դատարանը որոշում կայացնելիս պատճառաբաներ, թե ինչու է ապացույցը մերժվում:
Դա նպաստելու էր գործի բազմակողմանի հետազոտությանը:
Դատավոր Գագիկ Խանդանյանը հանգել էր այն եզրահանգման, որ Մանուկ Հովիկյանի դատարան ներկայացրած փաստաթղթերը թույլատրելի ապացույց չեն, դրանք ներկայացվել են ռուսերեն, հետեւաբար, չեն կարող դրվել վճռի հիմքում:
Մանուկ Հովիկյանի հայցը մերժվեց անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Մանուկն էլի դրսում է, չունի կացարան:
Այս գործը, թերեւս, միակն էր, որ պատասխանող չուներ:
Մանուկ Հովիկյանին, նրա ընտանիքին ո՞վ պատասխան պիտի տա, թե ինչո՞ւ պետության կարիքների համար քանդված տան տերերը պիտի առանց հատուցման մնան:
Մանուկ Հովիկյանն ասաց, որ դիմելու է վերաքննիչ դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ