ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հավանաբար ոգեւորել էր նախորդ օրը ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի`բառարաններով ընդդիմախոսներին հակադարձելու վարքագիծը, ուստի ինքն էլ թերթել էր հոգեբանության ուսանողական դասագրքերը ու մինչ «գազի հանձնաժողովի» թեմայով իր ելույթը Մարգարիտ Եսայանը նախ մանրամասնորեն նկարագրեց հոգեբանական բարդույթների արդյունք հանդիսացող պարանոյա հիվանդությունը, ներկայացրեց դրա նախապատմությունը, հիվանդությամբ տառապողների վարքագիծը: Այս համատեքստում, հակադարձելով ընդդիմադիր գործընկերների այն դժգոհություններին, որոնք վերաբերվում են «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնեմասի վաճառքին, պատգամավորն ասաց, որ լավ կլիներ, եթե այդ դժգոհությունը դրսեւորվեր այն ժամանակ, երբ վաճառվում էր ընկերության ութսուն տոկոսը: Նա կոչ արեց սկզբունքայնության մասին խոսելիս լինել ընդհանրապես սկզբունքային, ոչ թե ըստ պահանջարկի: Վկայակոչելով նախկին հանձնաժողովների փորձը՝ ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ նախկինում էլ խորհրդարաններին չի հաջողվել առաջնորդվել «եվրոպական» չափանիշներով`հանձնաժողովի նախագահ նշանակելով քաղաքական փոքրամասնության ներկայացուցչին: Նա բնական է համարում, որ հանձնաժողովը պետք է ղեկավարի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:
Տիկին Եսայանը նույնպես այն կարծիքին է, որ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ նիստերը փակ լինեն, գուրծունեության ժամկետն էլ երեք ամսից ավելի, ինչպես առաջարկում է իր ներկայացրած քաղաքական ուժը: Նա դեմ չէ, որ նիստերից հետո ընդդիմադիրները տեսախցիկների առջեւ ներկայացնեն իրենց սրտի ուզածը, այդ թվում նաեւ «հոգեբանական կամ հոգեբուժական որոշակի վերլուծություններ անեն»: «Վստահ եղեք`համարժեք պատասխան լինելու է, հաստատ»,- եզրափակեց բանախոսը:
Ի դեպ, հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավորին, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն իր ելույթում նկատեց, որ ընկերության 80 տոկոս մասնավորեցում չի եղել, ի սկզբանէ եղել է 40 տոկոս «ՀայՌուսգազարդ», նույնքան «Գազպրոմ» եւ 20 տոկոսը`«Իտերա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝«Ֆոտոլուրի»:
Աա“`այ տափակ,,,,,,,,