Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխություն առանց «Մայդանի». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 25,2014 12:37

Հայաստանում ուկրաինական սցենար, իհարկե, չի լինի, բայց Հայաստանն ու Ուկրաինան շատ բաներով նման են իրար, եւ այդ երկրի «հերձումը» բավականին ճշգրիտ պատկերացում է տալիս, թե ինչ վիճակ է Հայաստանում։ Պարզ ասած՝ հիմա արդեն հասկանալի է, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանում նույնպես հեղափոխությունը հաղթի (ուզում եք՝ հեղաշրջում անվանեք, դրանից ոչինչ չի փոխվում):

Ընդհանուր գծերով պատկերը նույնը կլինի։ Գիշերով Սերժ Սարգսյանի ունեցվածքը բեռնատարներով դուրս կբերվի ու կբարձվի ուղղաթիռներ, մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես կէվակուացնեն իրենց թալանածը ու կհեռանան անհայտ ուղղությամբ, հետո համացանցում կադրեր կհայտնվեն, թե ինչ աներեւակայելի ճոխության մեջ է ապրել «կոռումպացվածներին գլխից բռնելու» կոչեր անող Սերժ Սարգսյանը, ցուցակներ կհայտնվեն, թե որ բիզնեսների մեջ է փայ մտել Սաշիկը եւ այլն։ Բայց սա հարցի միայն արտաքին կողմն է։ Տեսեք՝ Յանուկովիչին տապալելուց հետո ուկրաինական ընդդիմության լիդերներից մեկի առաջին հայտարարությանն այն մասին էր, որ երկրի գանձարանը թալանված է, փող չկա։ Կարելի է չկասկածել, որ նույնն էլ կլինի Հայաստանի դեպքում, անսպասելիորեն կպարզվի, որ Կենտրոնական բանկի պահուստները դատարկ են (մեր ջերմ ողջույնները բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ 25-30 տարի հետո «կուտակայինի» գումարները վերադարձվելու են): Եվ Հայաստանը ստիպված կլինի հայտարարել, որ ի վիճակի չէ վճարել արտաքին պարտքը, այսինքն՝ երկիրը սնանկ է։ Ընդ որում՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի գանձարանն արդեն հիմա է դատարկ։ Պարզապես ընդդիմությունն ի վիճակի չէ ստուգել դա։

Հիմա՝ մարդկային գործոնի մասին։ Ուկրաինայում ավելի քան մեկ միլիոն անդամ ունեցող «Ռեգիոնների կուսակցությունը» կես ժամում փլուզվեց, իսկ կուսակցության տարբեր կառույցներ ամեն ինչի համար մեղադրում են իրենց կուսակցապետ Յանուկովիչին ու նրան «ազգի դավաճան» անվանում։ Կարելի է չկասկածել՝ նույնն էլ տեղի կունենար Հայաստանում։ Առաջինը հենց Էդուարդ Շարմազանովը՝ Կարեն Ավագյանով, Գալուստով-բանով, հրապարակավ կուտեր իր կուսակցական տոմսը եւ Սերժ Սարգսյանին դավաճան կանվաներ, հետո հանրապետական մարզպետները հերթով դիմումներ կգրեին, եւ այդպես շարունակ, մի խոսքով՝ կդավաճանեին առանց աչք թարթելու։ Արտաշես Գեղամյանը կերկերուն ձայնով կհիշեցներ, թե ինչպես է ժամանակին Սերժ Սարգսյանին խաղամոլ անվանել, Արթուր Բաղդասարյանը կհիշեցներ, թե ինչպես է ժամանակին հայտարարել, թե հանցավոր իշխանությունները մահափորձ են իրականացրել իր դեմ եւ այլն։ Կարճ ասած՝ ինչ-որ նողկալի «գործընթաց» կսկսվեր։

Ինչո՞ւ ենք ասում այս ամենը, եթե Հայաստանում, միեւնույն է, ուկրաինական սցենարի հավանականությունը չնչին է։ Որովհետեւ այն, որ Հայաստանում «մայդան» չի լինելու, ըստ էության ոչինչ չի փոխում:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728